ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» քննադատել է կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը:
«ՔՊ վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են»,- գրված է կուսակցության Facebook-ի էջում:
ՔՊ-ն պատրաստվում է միջադեպը քննել վերահսկող հանձնաժողովում:
Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի իր «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:
Հիշեցնենք` հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ վարչապետի ասուլիսում հրապարակված տեղեկությունների։
«Հարկ եմ համարում հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,–հայտնել էր Թովմասյանը։
«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա, ումալյայու». մեմեր`Փաշինյանի գրառման շուրջ
Նա նշել էր, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այսօր` հունվարի 26–ին, վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում իբրև իր խոսքերի ապացույց ներկայացրեց Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը, որը ՍԴ նախագահը տվել էր նրան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։