ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին`ներկայացնելով նրա` իրեն նվիրած գրիչը։
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,–գրել է նա:
Փաշինյանի խոսքով` վարչապետ ընտրվելուց հետո նա Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել է 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Նա իր կողքին էր նստած:
«Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմն ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով»,–գրել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ինքը նշում անելու համար գրիչ է փնտրել, իսկ Թովմասյանը, նրա հավաստմամբ, իր այս «էլիտար» գրիչն է առաջարկել:
«Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար»,–գրել է նա` նշելով, որ մերժել է իր մոտ ընդունելության գալու նրա բոլոր հայտերը:
Եկեղեցին միավորել է, բայց ոչ հաշտեցրել. Թովմասյանը Փաշինյանի հետ պատարագի է մասնակցել
Վարչապետի հավաստմամբ` ինքն անգամ մերժել է հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա Թովմասյանի` «մեսիջ-խնդրանքները», որ այդ օրը մասնակցի ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:
«Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել»,–կարծում է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` հետո մի քանի անգամ եկել իրեն զեկուցել են, թե բա Հրայր Թովմասյանն ասում է՝ ես եմ գրել այս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:
«Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից` նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ վարչապետի այսօրվա ասուլիսում հրապարակված տեղեկությունների։
Շարմազանով. «ՍԴ-ն մնացել է Հայաստանի պետականության վերջին իրական բաստիոնը»
«Հարկ եմ համարում հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,–հայտնում է Թովմասյանը։
Նա նշել էր, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։