«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Փաշինյան

ՀՀ վարչապետը լրագրողներին պատմեց, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց` այն օրից, երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, նրա նկատմամբ ամենաստոր լրատվական ու քարոզչական արշավ է սկսվել։

«90 և ավելի տոկոսով կազմակերպված է եղել հենց ներսի պաշտոնյաների կողմից, որովհետև այդ փոփոխությունը տեղի էր ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի ավանդական գիլդիայի։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ Տաթևիկ Ռևազյանի մասին, որ գնում խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որևէ պաշտոնյայի հետ է հանդիպել։ Մարդիկ ծիծաղում են մեզ վրա»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այդ կառույցի պաշտոնյաները ազգային անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը կոմիտեի ղեկավարին չեն զեկուցել։

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը

«Սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները տեղի ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Եվ թող ՀՀ քաղաքացիներն իմանան, որ այս ոլորտի բարեփոխումներն իրականացվել են ի հեճուկս այդ համակարգի աշխատակիցների։ Որտեղ կարողացել, խանգարել են, ինչով կարողացել, վարկաբեկել են, որտեղ կարողացել, անիվների մեջ փայտ են մտցրել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ բերված օրինակը թեև վերաբերում է կոնկրետ մի ոլորտի, բայց այդ երևույթներից զերծ չեն եղել նաև մյուս պետական կառույցները։ Այդուհանդերձ, վարչապետը լրագրողներին հորդորեց այլ օրինակներ իրենից չպահանջել։

Փաշինյանը հայտնեց նաև, որ այդ պաշտոնյաներից ոմանց ինքն անձամբ է հեռացրել պաշտոնից ու հրահանգել նրանց այլևս պետական համակարգում աշխատանքի չընդունել։ Մինչդեռ Տաթևիկ Ռևազյանը, նրա խոսքով, իր այդ աշխատակիցներից շատերին ներողամտաբար է վերաբերվում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր , թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը։

Նմա՞ն եմ մեկին, ով մտավախություն ունի. Փաշինյանին չեն վախեցնում Վանեցյանի «խոստումները»