Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը

ՍԴ–ն օկուպացվել է մեկ անձի և մի խմբի կողմից։ ՀՀ վարչապետի խոսքով` նախկին իշխանության ներկայացուցիչն իր ծառայություններն է առաջարկել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ Հայաստանում գոյություն չունի։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։

«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան

«Հայաստանի Սահմանադրությւնը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ–ն` իր կազմից։ Բայց այսօր մենք ունենք ԱԺ–ի կողմից ընտրված ՍԴ։ Եվ հիմա պարզվեց, որ ԱԺ–ի կողմից ընտրված ՍԴ–ի նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնեական կեղծիքի արդյունքում»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ փաստին չի կարելի վերաբերվել որպես «մի թեթև կեղծիքի», որի արդյունքում 2015թ.–ին ընդունված ՍԴ համապատասխան կարգավորումը մինչև 2035թ.–ը չի գործելու։

Փաշինյանը գոհ է ԱԱԾ–ից ու ոստիկանությունից, թեև աշխատանքն անթերի չէ

«Այդ պաշտոնեական կեղծիքի արդյունքում ՍԴ–ը օկուպացվել է մեկ անձի կողմից և մի խմբի կողմից։ Եվ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է,– ասաց Փաշինյանը,– Մենք ի՞նչ ենք ասում։ Մենք ասում ենք` «հարգելի ՍԴ անդամներ, մի՛ պայքարեք սեփական ժողովրդի ու սեփական երկրի դեմ, մի՛ դարձեք հիբրիդային հեղափոխության երազանքով ապրող արտաքին ու ներքին ուժերի ֆորպոստ»։ Այս փուլում հանդես ենք եկել խնդրանքով` դիմելով ՍԴ հարգելի անդամներին»։

Փաշինյանը հայտնեց, որ 2018թ–ի մայիսից ` նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով, որ քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։

«Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Նմա՞ն եմ մեկին, ով մտավախություն ունի. Փաշինյանին չեն վախեցնում Վանեցյանի «խոստումները»