Գեղարքունիքի լեռներում մնացած արշավախմբի որոնումները վերսկսվել են

Փրկարարները պարբերաբար կապ են հաստատում արշավախմբի անդամների հետ։ Որոնողական աշխատանքներին նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբն է մասնակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի լեռներում մնացած 6 հոգանոց արշավախմբի որոնողական աշխատանքներն այսօր` առավոտյան 05:20-ին, վերսկսվել են։

Գեղարքունիքի լեռներում հայտնված արշավախմբի անդամներին ուզում են տարհանել ամենագնացով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ հաղորդագրության` արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախմբին։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին «911» կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն էին ստացել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները որոշել էին շարունակել այսօր։

Ինչ է եղել իրականում. Հայաստանի լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը