Գեղարքունիքում փրկարարներին սպասող արշավախմբին գտել են ու օգնել վատառողջ երիտասարդին

ԱԻՆ–ը հրապարակել է Գեղարքունիքի լեռներում մնացած արշավախմբի անդամների լուսանկարները, որոնցից մեկում երևում է նաև 31-ամյա երիտասարդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԱԻՆ–ի փրկարարներն ու հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը հանդիպել են Գեղարքունիքի լեռներում մնացած արշավախմբի անդամներին և ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989 թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Վերջինս, ստանալով համապատասխան բուժօգնություն, տեղափոխվել է թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին «911» կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն էին ստացել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները որոշել էին շարունակել այսօր։

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին։