Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Հայաստանը տարանցման երկիր է Եվրոպա արտահանվող թմրամիջոցների համար։ 2019թ–ին ՀՀ սահմանային անցակետերում հայտնաբերվել են 3 մլն դոլարի թմրանյութեր ու հոգեմետ դեղեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. 11 կգ ափիոն, 8.2 կգ մեթամֆետամին, 3 կգ կետամին, 1.3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ 74 էլեկտրոնային սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող 16 500 դեղահաբ։ Սա թմրանյութերի այն ծավալն է, որ 2019թ–ի ընթացքում Հայաստանի սահմանին հայտնաբերել ու առգրավել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Վարչության պետ, գնդապետ Վարդան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ–ի համեմատ այս որոշ թմրամիջոցների ծավալներն ավելացել են ավելի քան 10 անգամ։

Կեսգիշերին թմրանյութերի փաթեթ են նետել «Սևան» ՔԿՀ–ի տարածք

«ՀՀ տարածքը տարանցիկ ճանապարհ է թմրանյութերն ԻԻՀ–ից այլ երկրներ փոխադրելու համար։ Եվ այս խնդիրն ավելի մեծ կարևորություն է ստանում»,– ասաց նա։

2019թ–ի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց տեղափոխման համար մաքսանենգները շատ հաճախ տարբեր խորամանկ միջոցների են դիմում։

Օրինակ` Իրանից Կանադա ափիոն տեղափոխելու համար մաքսանենգներն այն ներծծել են Իրանի ազգային հագուստների մեջ ու այդպես փորձել անցնել սահմանը։ Ընդ որում` ափիոնի հետ նախապես նաև սուրճ են խառնել` փորձելով բարդացնել հատուկ վարժեցրած շների կողմից ափիոնի բացահայտումը։ Մեկ այլ դեպքում թմրանյութը թաքցվել է ավտոմեքենայի պահեստամասերի մեջ։ Թմրանյութերի մի քանի կիլոգրամ էլ հայտնաբերվել է Թեհրան–Երևան ավտոբուսի իրանցի ուղևորների ճամպրուկների գաղտնարաններում։ Իսկ Ռուսաստանից Հայաստան հասած ավտոմեքենայում հայտնաբերված կոնֆետների հետ մաքսանենգները հոգեմետ դեղահաբեր են խառնած եղել։

Բացահայտվել է նաև Իրանից շուրջ 1 կգ թմրանյութերի ներկրման դեպք, որոնք նախատեսված են եղել Երևանի գիշերային ակումբներից մեկում վաճառելու համար։

Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել

«Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև կազմակերպիչները, որոնք Իրանի քաղաքացիներ են եղել»,– ասաց Վարդանյանը։

Հայաստանը, նրա խոսքով, տարանցիկ ճանապարհ է ոչ միայն իրանական, այլև նաև աֆղանական ծագմամբ թմրանյութերը, մասնավորապես` հերոինը, Իրանի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու համար։

Իսկ Հայաստանի շուկայում սպառման համար նախատեսված թմրամիջոցները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տվյալներով, Հայաստան են առաքվում հիմնականում եվրոպական երկրներից` փոստային կամ սուրհանդակային միջազգային առաքմամբ։

«Բացահայտվել է փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի 85 դեպք, որից 52-ը եղել է ԱՄՆ–ից, 20-ը` Ֆրանսիայից, 13-ը` Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից»,– ասաց Վարդանյանը։

Ընդ որում` ԱՄՆ–ից ներմուծվել են հիմնականում հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային սիգարետներ ու մուշտուկներ։

Եվրոպական երկրներից փոստային առաքմամբ Հայաստան եկող հոգեմետ դեղերի մեծ մասը, Վարդանյանի մեկնաբանմամբ, ուղարկվում են ոչ թե հանցավոր նպատակով, այլ որպես դեղամիջոց` հիվանդների համար։ Բայց այս դեպքերով ևս հարուցվում են քրեական գործեր, ուստի նման իրավիճակներից խուսափելու համար Վարդանյանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ փոստով դեղամիջոցներ առաքելուց ու ստանալուց։

Հատկանշական է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի աճ գրանցվում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Համաշխարհային վերջին զեկույցի տվյալներով` 2017թ–ին աշխարհում 271 մլն մարդ թմրամիջոց է օգտագործում։ Դրանից 35 միլիոնն ունեն առողջական լուրջ խանգարումներ։