Սեփական երկրում անպաշտպան քաղաքացին և քրեական ենթամշակույթը. ինչպես ճիշտ պայքարել դրա դեմ

Քրեական հեղինակություններին թև է տալիս պետության անկարողությունը քաղաքացիների իրավունքներն ապահովելու, նրանց անվտանգությունն ու բիզնես-շահերը պաշտպանելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Քրեական ենթամշակույթի դեմ պետք է համակարգային պայքար մղել ՝ վերացնելով սնուցման ու տարածման աղբյուրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով խորհրդարանի որոշումը, ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։

Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հանցավոր աշխարհի դեմ պայքարի ՔՕ փոփոխությունները։ Մասնավորապես, «գողական հիերարխիայի կոչում» ունենալը («օրենքով գող», «քրեական հեղինակություն») կդատապարտվի 7-10 տարվա ազատազրկման։

ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին. «գողական» թեման բուռն վեճի պատճառ դարձավ. տեսանյութ

Աթանեսյանի խոսքով` քրեական ենթամշակույթը բացասական երևույթ է, ու դա գիտակցում են նաև այդ ենթամշակույթի կրողները։ Հատկապես թույլ իշխանություն ունեցող երկրներում նրանք իրենց գործելակերպն անթաքույց են իրականացնում ու ցուցադրաբար հակադրվում են պետական մարմիններին՝ հասարակության տարբեր շերտերի մոտ հեղինակություն ձեռք բերելու համար։

Բայց անհրաժեշտ է հասկանալ քրեական ենթամշակույթի բնույթն ու պատճառները։

«Նախևառաջ, ցանկացած ենթամշակույթ ընդհանուրի մի մասն է, դրա բաղադրիչը», – նշեց Աթանեսյանը։

Քրեական ենթամշակույթն իր մոտեցումներն է առաջարկում, որոնք այս կամ այն չափով տարածվում են տնտեսության որոշակի հատվածի, ինչպես նաև մարդկային հարաբերությունների վրա։

Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

«Համապատասխանաբար, եթե հայաստանյան հասարակությունն առաջնորդվում է այնպիսի գաղափարներով ու արժեհամակարգով, որի մի մասն է կազմում քրեական ենթամշակույթը, ապա սա նշանակում է, որ հասարակության ցանկացած անդամ կարող է կրել այդ ենթամշակույթի, մտածելակերպի, խոսելաձևի տարրեր, սակայն բառիս բուն իմաստով չպատկանել քրեական գործունեությամբ զբաղվող ենթախմբերին», – ասաց Աթանեսյանը։

Օրինակ` այնպիսի արտահայտություններ, ինչպես «օրենքը խախտելու համար է», «լավ տղա», «ճշտով հարց լուծել», «ախպերություն», «մեր քուրնա», «բազար անել», «գյադա» և այլն, եթե բոլորի կողմից ընդունելի չեն, ապա բոլորի կողմից ճանաչված են, և համապատասխան վարքագիծ են ենթադրում։ Փաստորեն, քրեական ենթամշակույթն արդի հայաստանյան հասարակության առօրյա մշակույթի, բառապաշարի մի մասն է։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Պայքարել դրա դեմ, սոցիոլոգի կարծիքով, նշանակում է համակարգային մոտեցում կիրառել։ Մասնավորապես՝ տեղեկատվահաղորդակցական բոլոր գործընթացներից պատժի կիրառմամբ հանել նման արտահայտությունների օգտագործումն ու տարածումը, քրեական բառապաշարով խոսելաձևը համարել քրեական վարքի դրսևորում։

Սա ենթադրում է, որ հայաստանյան մի շարք հեռուստաալիքներ պետք է վերանայեն իրենց բովանդակությունը, արգելվեն հայկական արտադրության հեռուստասերիալները, որոնք այսօր ունեն բարձր դիտողականություն և քրեական ենթամշակույթն ուղղակիորեն տարածող աղբյուրներ են։

Մյուս կողմից` քրեական ենթամշակույթը ստվերային տնտեսությունից սնուցվող և այն սնուցող երևույթ է։ Ստվերային տնտեսության մեջ գործող սուբյեկտները փորձում են խուսափել պետական վերահսկողությունից, գերշահույթ են հետապնդում, ուստի և փնտրում են ոչ պաշտոնական աջակցություն։ Նման աջակցությամբ հանդես են գալիս «քրեական հեղինակությունները», ովքեր իրենց վրա են վերցնում պետական մարմինների առանձին ներկայացուցիչների հետ «բանակցելու» բարդ ու պահանջված գործը՝ դրա դիմաց ստանալով տվյալ բիզնեսի և եկամուտի մի մասը։

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք

Սա նշանակում է, որ գործարար հարաբերությունները կարգավորող պետական մեխանիզմներն այնքան խրթին են, երկիմաստ, որ երկրում ձեռնարկատիրական գործունեություն պլանավորելիս սուբյեկտը հարկադրված է մտածել նաև, թե ինչպես լրացուցիչ կերպով ապահովագրվի հնարավոր ռիսկերից, գոյատևի անառողջ ու ոչ թափանցիկ շուկայական հարաբերություններում։ Ուստի և դիմում է քրեական հեղինակություններին՝ որպես լրացուցիչ, եթե ոչ հիմնական երաշխիքի։

Տարիներ շարունակ, մինչ օրս էլ, իշխանության ներկայացուցիչներն իրենց պաշտոնական դիրքի չարաշահմամբ իրականացրել են տնտեսական գործունեություն, մենաշնորհել են շուկան, շրջանցել հարկային մեխանիզմներն ու ապահովագրել սեփական եկամուտները։

Միևնույն ժամանակ բանախոսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ քրեական հեղինակություններն իրենց գործելակերպով լրացնում են պետության կողմից բնակչության հանդեպ հոգածության, արդարադատության պակասը, ինչը նրանց ու սոցիալական քաղաքականության թերացումներից է։

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

«Դասական իտալական ստեղծագործություններից մինչև հայաստանյան իրականություն ավանդույթ է, որ քրեական հեղինակությանն օգնության կարգով դիմում է այն բնակիչը, որը չի կարողանում սեփական ուժերով գտնել իր՝ անգամ ամենափոքր խնդրի լուծումը, չի կարողանում օրենքի ուժով վերադարձնել իրենից գողացված կամ խլված սեփականությունը, չի կարողանում իրեն իր բնակավայրում ու առհասարակ երկրում պաշտպանված զգալ», – նշեց Աթանեսյանը։

Սեփական արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու նպատակով պետական մարմիններին դիմելու բազում անհաջող փորձեր ունեցած քաղաքացիները փնտրում են այլընտրանքային միջոցներ, որոնցից են կաշառք տալը, ծանոթ-բարեկամ խառնելը, թաղային հեղինակությանը դիմելը։ Դրանում մեղադրել թաղային հեղինակություններին՝ նշանակում է միակողմանի մոտեցում դրսևորել։

«Քաղաքացու իրավունքներն իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների կողմից լիարժեք պաշտպանելու դեպքում թաղային հեղինակությունների դերակատարումն էապես նվազելու է, ինչպես դա տեղի ունեցավ մի շարք երկրներում», – ընդգծեց Աթանեսյանը։

«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Նշենք, որ նոր օրենսդրության համաձայն` բանդա ստեղծելը կդատապարտվի 5-10 տարվա ազատազրկման։ Պատիժն ավելանում է, եթե խմբավորումը ստեղծում է քրեական աշխարհից որևէ մեկը (բանտարկյալ, «օրենքով գող», կամ «հեղինակություն»), ԶՈւ և այլ ուժային կառույցների ծառայողը կամ եթե այն օգնի ստեղծել պետական պաշտոնյան։ Այդ դեպքում պատիժը 8-12 տարի կկազմի։

Օրինագիծն առաջարկել է արդարադատության նախարարությունը` հղում անելով հարևան Վրաստանի փորձին։ Այստեղ Միխայիլ Սահակաշվիլու օրոք «պատերազմ» էին հայտարարել քրեական աշխարհին, նմանատիպ օրենքներ էին ընդունել և բանտ նետել մի շարք «օրենքով գողերի»։