ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Կմտածեն՝ ինչո՞ւ եկամտահարկը գնա պետբյուջե, եթե կարող են ևս մեկ դիպլոմ ստանալ»

Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ու աշխատող ուսանողների եկամտահարկն ուսման վարձի համար փոխհատուցելու մասին նախագծին: 
Sputnik
Խաչատրյան. «Կմտածեն՝ ինչո՞ւ եկամտահարկը գնա պետբյուջե, եթե կարող են ևս մեկ դիպլոմ ստանալ»

Մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին նախագիծն այս տարբերակով լավն է ու ընդունելի, որովհետև սկզբում ցանկություն կար ներգրավել նաև բակալավրիատը, իսկ եթե այն լիներ ամբողջական, այդ դեպքում հնարավոր չէր լինի լուծել բակալավրիատի ուսանողների` դասերին նորմալ չհաճախելու խնդիրը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: 

Իջեցնել եկամտահարկը, բարձրացնել ՀՆԱ՞–ն. կառավարությունը հարկային փոփոխություններ կառաջարկի

«Մագիստրատուրայի պարագայում այս մոդելն ընդունելի է, քանի որ մագիստրատուրայում ուսանողներն ամեն օր չեն հաճախում դասերի, այլ շաբաթվա ընթացքում երկու-երեք օր: Հավանականությունը, որ նրանք կաշխատեն իրենց մասնագիտությամբ, մեծանում է, հետևաբար, լավ է, որ նման արտոնություն տրվում է միայն մագիստրոսներին ու ասպիրանտներին: Եթե նրանք ունեն ֆինանսական խնդիրներ, ապա օրենքը նրանց որոշ չափով կօգնի լուծել դրանք»,-նշում է փորձագետը:  

Հիփոթեքային վարկը մարելու համար քանի՞ մարդ է օգտվում եկամտահարկի վերադարձվող գումարից

Խաչատրյանի գնահատմամբ՝ ռիսկն այն է, որ այս դեպքում կմեծանա այն մարդկանց թիվը, որոնք զուտ դիպլոմի համար կգնան մագիստրատուրա։ Հատկապես հասուն տարիքի մարդիկ կարող են մտածել, թե ինչու պետք է իրենց եկամտահարկը գնա պետբյուջե, եթե կարող են ևս մեկ դիպլոմ ստանալ:

Փորձագետի կարծիքով՝ մնացած խնդիրները, որոնք կառաջանան ուսման պրոցեսում, լավ կլինի` քննարկվեն և լուծվեն բուհերի և գործատուների միջև, որովհետև հիմնական մտահոգությունն այն է, որ կրթությունն աշխատանքի հաշվին չտուժի: 

Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից