Գեղարքունիքի լեռներում հայտնված արշավախմբի անդամներին ուզում են տարհանել ամենագնացով

Լեռնագնացները սնունդ և անհրաժեշտ ամեն ինչ ունեն, առավոտյան նրանք ցանկանում են 13-14 կմ անցնել` տարհանման վայր հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարար Յուրի Պոլիշչուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ռուս և հայ փրկարարները ցանկանում են ՌԴ քաղաքացի արշավականներին տարհանել ամենագնացով։

Ինչ է եղել իրականում. Հայաստանի լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախումբն այսօր մնացել է Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում։ ԱԻՆ–ը տեղեկություն է ստացել, որ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Որոնողական աշխատանքներում ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր: Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները շարունակվելու են վաղը:

«Մենք արդեն կապ ենք հաստատել արշավականների հետ։ Նրանց վիճակը կայուն է, սնունդ ունեն, ամեն ինչ կա կենսապահովման համար։ Նրանց ընկերներից մեկը հիվանդացել է, բայց ապաքինվում է», - ասաց Պոլիշչուկը։

Արշավականները ծրագրում են առավոտյան 13-14 կմ առաջ շարժվել դեպի Սելիմի լեռնանցք։ Փրկարարներն էլ նախատեսում են այնտեղ հասնել ամենագնացներով և արշավախմբի անդամներին տեղափոխել Երևան կամ Եղեգնաձոր: