ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ տեղեկություններն ամբողջացնեն ու պարզեն, որ միջադեպն իրենց է վերաբերում, հայտարարությամբ հանդես կգան։
««Էրեբունի պլազայում» գտնվում են բազմաթիվ գրասենյակներ։ Դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6–րդ հարկում։ Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, և կկարողանանք պարզել, թե այս իրադարձությունը որքանով է առնչվում մեր գրասենյակին, հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց նա` անդրադառնալով ականատեսներից մեկի այն հայտարարությանը, թե կրակոց արձակողն առաջին հարկում հարցրել է Քոչարյանի գրասենյակի տեղը։
Ով և երբ է ահազանգել ոստիկանություն «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` Սողոմոնյանը նշեց, որ շուրջ 12 տարի է գրասենյակն այստեղ է գտնվում, ու որևէ խնդիր չի առաջացել։
«Անվտանգության աշխատակիցները «Էրեբունի պլազայինն են», Քոչարյանի գրասենյակն անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունի»,-նշեց Սողոմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես–կենտրոնում հնչած կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:43-ին։
«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել
Տևական ժամանակ ոստիկանության աշխատակիցները շրջապատել էին շենքը, ներսում գործող բազմաթիվ գրասենյակների աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատասենյակներից։ Նախնական տվյալներով` կար պատանդառված մարդ։
Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։