ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը կառավարության նիստում հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։
Դրանով առաջարկվում է ձմռանը ամառային անվադողերով երթևեկող վարորդներին տուգանել 20 000 դրամով։
Օրենքը հստակեցնում է նաև «ձմեռային ժամանակահատված» հասկացությունը, դա դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածն է։
Միաժամանակ օրենքի նախագծով առաջարկվում է տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու ավտոմեքենա վարողներին։ Այս դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։
Ի դեպ, տաքսու վարորդների համար օրինագիծն ավելի խիստ պատիժ է նախատեսում։ Եթե այլ վարորդների համար ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը կարժենա 20 000 դրամ, ապա տաքսիների վարորդների համար` 25 000։
Ավելորդ չէ նշել նաև, որ վարորդներին հատկացվող բալերն այս խախտման դեպքում, օրենքի նախագծի համաձայն, չեն նվազելու։
Հանրապետության հրապարակի շատրվանների և այգու դիմաց մեքենաներ կայանել այլևս չի կարելի
Ոստիկանության առաջարկը կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման ու առանց քննարկումների։ Նոր տուգանքների հետագա ճակատագիրը կորոշվի խորհրդարանում քննարկումներից հետո։
Նշենք, որ օրինագծի հեղինակները նախատեսում են, որ այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 1-ից։ Այսինքն` նոր տուգանքները կկիրառվեն արդեն հաջորդ ձմռանը։