Վանեցյանի ներկայացուցիչները հերքում են պահանջել, հակառակ դեպքում կդիմեն դատարան

Լրատվամիջոցի հրապարակումից հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ այս անգամ ստահոդ լուրերը անպատասխան չեն մնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը  «Հայկական ժամանակից» պահանջում են Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները հերքել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Լուսինե Սահակյանը։

«www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ նյութ: «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն` նշված լրատվամիջոցին հերքման պահանջ է ուղարկվել։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան»,–գրել է Սահակյանը։ Նա կից ներկայացրել է հերքման տեքստն ու լրատվամիջոցին ուղղված գրությունը։

Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել էր, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանը դավադրություններ է կազմակերպել իրենց ընտանիքի դեմ:

Նա իր էջում` գրառմանը կից, տեղադրել էր «Հայկական ժամանակ» թերթի «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Փաշինյանի ընտանիքի, մասնավորապես` Մարիամ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դեմ արվող հակաքարոզչությունը նաև ֆինանսավորում է Վանեցյանը: «Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետևյալն է`արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ: Ըստ ամենայնի` այո»,–գրում է թերթը:

Հոդվածին անմիջապես արձագանքել էր Վանեցյանը։ Նա իր հասցեին մեղադրանքներն ապատեղեկատվություն էր որակել և հայտարարել էր, որ այդ կեղծիքն անպատասխան չի մնա։

Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին

Վանեցյանի խոսքով ` հրապարակման մեջ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Վանեցյանը նաև Մարիամ Փաշինյանին խորհուրդ էր տվել Մարիամին չխառնվել մեծերի անհասկանալի խաղերի մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։