Շուշիի բերդի երեք աշտարակներն այս տարի կկոնսերվացվեն

Վերականգնման փուլում են գտնվում Շուշիի «Գոհար Աղա» մզկիթը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ 2020-ին կկոնսերվացվեն Շուշիի բերդի երեք աշտարակները. տեղեկանում ենք նախարարության Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջից։

«Մասնավոր հատվածի կամ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ ավարտվել կամ վերականգնման փուլում են գտնվում Շուշիի «Գոհար Աղա» մզկիթը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին, Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքը, Մարտունու շրջանի Ամարասի վանքը»,–լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։

Երևանը պատասխանել է Շուշիում գտնվող մզկիթը «յուրացնելու»` Բաքվի մեղադրանքներին

Նախարարի խոսքով` նախորդ տարի Արցախ է այցելել 41 963 օտարերկրյա զբոսաշրջիկ ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 46.7% -ով(28 588): Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:

Հովհաննիսյանը նշել է` մշակույթի ոլորտում իրականացված քաղաքականությունը միտված էր մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու հանրահռչակմանը, ժամանակակից արվեստի զարգացմանը։

«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ նախորդ տարի պեղման-ուսումնասիրման աշխատանքներ են կատարվել «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում՝ Միրիկի ամրոցում: