Վիճաբանություն ԱԺ–ում. «ԿամԱԶ»–ների թեմայով հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկումներն անցկացնել Երևանի ավագանու խորհրդում, որպեսզի խորհրդարանը չմիջամտի տեղական ինքնակառավարման գործերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ազգային ժողովում «ԿամԱզ»-ներ նվիրելու փաստով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի։ Այսօրվա քվեարկության ընթացքում հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին նախագիծը չընդունվեց, քանի որ քվորում չապահովվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Վախենում եք այդ հանձնաժողովը ստեղծելո՞ւց. ԱԺ-ն քննարկեց քաղաքապետարանի «ԿամԱԶ»–ների հարցը

Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես էր եկել «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա նշել էր, որ պատգամավորները պետք է ուսումնասիրեն, թե ով և ինչպիսի ունեցվածք է նվիրել քաղաքապետարանին, և արդյոք նվիրատուները դրա դիմաց հողատարածք են ստացել իրենց ուզած վայրում։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։ Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։

Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

Երեկվա քննարկումների ընթացքում «Իմ քայլի» անդամները հայտարարել էին, որ այդ հարցը պետք է դիտարկվի բացառապես ավագանու մակարդակում, խորհրդարանն իրավունք չունի միջամտելու տեղական ինքնակառավարման մարմինների գործերին։

Այսօր քվեարկությունից առաջ և հետո ԱԺ–ում թեժ բանավեճ սկսվեց։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Հանձնաժողովի ստեղծման տապալումը վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու՝ մեր բռնած ճանապարհին, և ես երեկ տեղեկացրել եմ, որ լուրջ քաղաքական հետընթաց կարող է արձանագրել ժողովրդավարության առումով։ Նույնիսկ նախկին իշխանության օրոք խորհրդարանում նման բան չի եղել»։

«Անտրամաբանական կլինի մերժել». Փաշինյանը պատասխանել է «ԿամԱԶ»–ների մասին հարցին

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց Մարուքյանին. «Պարո´ն Մարուքյան, ես կոչ եմ անում ձեզ կոռեկտ արտահայտվել, եթե դուք կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեք: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»։

Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքում էր Ռուբեն Ռուբինյանին, որը հորդորեց չընդհատել իրեն:

Մարուքյանը վեր թռավ տեղից և, մոտենալով Ռուբինյանին, սկսեց բարձր տոնով պատասխանել նրան, ինչի համար նախազգուշացում ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից. «Պարո´ն Մարուքյան, պարոն Ռուբինյանը ուշադիր լսում էր ձեզ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց իրենց առաջարկը, այն է` «Լուսավոր Հայաստանը» այդ քննությունն իրականացնի ավագանու միջոցով։ Նա հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը։

Հիշեցնենք, որ նոր մեքենաներ ստանալուց հետո Երևանում լուծվել է աղբահանության հարցը, որը լուրջ խնդիրներ էր ստեղծել ամռանը։ Հիմա քաղաքապետարանն աղբահանություն է իրականացնում սեփական ուժերով, իսկ նախկին օպերատոր «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը խզվել է։

«ԿամԱԶ»–ների թեման հասավ դատախազություն