«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է։ Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը ու կից հրապարակել իր` ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ արտահերթ զեկույցը։
Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ դատարաններում սովորաբար գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտմամբ, և այդ խնդիրը կա վաղուց: Ըստ նրա՝ դատարաններում իրոք այդ առումով տիրում է անտանելի վիճակ, որովհետև գործերի ու առկա դատավորների քանակը անհամաչափ է, ինչպես նաև դատարաների աշխատակազմերի անդամների քանակն ու նյութատեխնիկական ապահովումը համադրելիս ստացվում է մի իրավիճակ, երբ գործերը տարիներով լուծում չեն ստանում:
«Մարդու իրավունքների պաշտպանը միջամտեց, որովհետև Բարձրագույն դատական խորհուրդն անգործության է մատնված։ Այն առաջին մարմինն է, որը պետք է զբաղվեր հենց այս հարցով: Այն պետք է գտներ լուծումներ և դրանք առաջարկեր իշխանություններին, օրենսդիր մարմնին»,- նշում է փաստաբանը:
Երվանդ Վարոսյանի համոզմամբ՝ առհասարակ մարդու իրավունքն է ողջամիտ ժամկետներում ունենալ դատական ատյանների որոշումները: Այդ իրավունքի ապահովման պարտականությունն, ըստ նրա, կրում է պետությունը, որը պարտավոր է հարցը կարգավորել: Ավելի ճկուն մեխանիզմներ՝ հարցերը միջդատական փուլում կարգավորելու համար, վեճերի մի շեմ, որը հնարավոր կլինի լուծել արտադատարանական կարգով, անհրաժեշտ է դատավորների հաստիքներ. սրանք արդեն, ըստ Վարոսյանի, հնարավոր լուծումներն են:
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին
Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ վերոնշյալ հարցում առաջին շահագրգիռ կողմը պետք է լինի դատական համակարգը, որովհետև, օրինակ` Երևանում ծանրաբեռնվածությունն այնպիսին է, որ անհնար է պատկերացնել, թե ինչպես են կարողանում հասցնել աշխատել, ուր մնաց որակ և պատճառաբանված դատական ակտեր ապահովել: