ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Լիբանանի նոր ձևավորված կառավարության 20 անդամներից մեկը հայ է։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանի հայալեզու «Արևելք» պարբերականը։
«Կառավարության մեջ ավանդաբար հայերին բաժին ընկնող մեկ նախարարությունն այս անգամ կին է գլխավորելու. ՀՅԴ-ի առաջադրած Վարդինե Օհանյանը (Օհանյան-Գևորգյան) նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»,– հայտնում է լրատվամիջոցը։
Մինչ այդ նշանակումը Օհանյանը գլխավորում էր հատուկ կարիքներ ունեցող հայ երեխաների «Զվարթնոց» կենտրոնը: Ծնվել է 1984-ին, ամուսնացած է, ունի երկու երեխա:
Լիբանանյան ԶԼՄ-ները նաև գրում են, որ իրենց երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հայուհին դարձել է կառավարության անդամ: Նախորդ կառավարության կազմում հայերին բաժին էր ընկել Զբոսաշրջության նախարարությունը, որը գլխավորում էր Ավետիս Կիտանյանը: Լիբանանի սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմվում է երկրի համայնքները ներկայացնող անդամներից:
Մայր Աթոռը 50 հազար դոլար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանը վարչապետ էր ընտրել Հասսան Դիաբին: Անցյալ տարվա հոկտեմբերից երկրում ծայր էին առել բողոքի և անհնազանդության ցույցեր ու հավաքներ, ցուցարարները պահանջում էին տնտեսական բարեփոխումներ ու նոր կառավարություն։
Լիբանանի նոր կառավարությունն այսօր գումարելու է առաջին նիստը:
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում