ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ գերատեսչությունը տեղյակ է Չինաստանում տարածվող նոր վարակից և հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններին։
«Դեպքերի զարգացմանը զուգահեռ, եթե կարիք լինի միջոցներ ձեռնարկելու, մենք կձեռնարկենք։ Այս պահին սահմաններ փակելու կամ այլ միջոցառումների կարիք չկա»,– ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ այս վիրուսը կարող է փոխակերպվել թոքաբորբի, ինչպես գրիպի այլ տեսակների դեպքում, ուստի քաղաքացիներին կոչ արեց կիրառել կանխարգելման այն միջոցները, ինչը կիրառում ենք այլ վիրուսների դեպքում։ Իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում, դիմել բժշկի։
Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել. նա Հայաստանում է վարակվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հատուկ նիստ է գումարել` Չինաստանում ստեղծված վիճակն ու ի հայտ եկած նոր վարակի մասին տեղեկությունները քննարկելու նպատակով։ Թորոսյանը հայտնեց, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը ևս հետևում է այդ նիստին ու նորությունների դեպքում հանդես կգա հայտարարությամբ։