ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` ինչո՞ւ են Հայաստանում սրտի ստենտավորման գներն այդքան բարձր։
Եղիազարյանը նշեց, որ հարևան երկրում երեք ստենտի արժեքը 800 000 դրամ է, իսկ Հայաստանում` 1 600 000 դրամ։ Ի պատասխան` Թորոսյանը նշեց, որ սրտի ստենտավորման գինը ձևավորվում է պարզ հաշվարկի արդյունքում։
«Ստենտավորման գինը ձևավորվում է հաշվի առնելով բժշկի, անեսթեզիոլոգի աշխատավարձը, ստենտի, կատետորների գումարը, ինչպես նաև հաշվի է առնվում բուժհաստատության ողջամիտ շահույթը։ Պետպատվերի դեպքում մենք ոչ դեղապատ ստենտավորման համար ֆինանսավորում ենք 700 000, իսկ դեղապատի դեպքում` 750 000 դրամ»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` ստենտավորում կատարում են Հայաստանի 13 բուժհաստատություններում, և եթե մրցակցության արդյունքում նրանք չեն կարողանում այլ գին սահմանել, ուրեմն դա նվազագույն մրցակցային գինն է։ Բացի այդ, Հայաստանում, կարծես թե, չկան հնդկական, չինական ստենտներ, և վիրահատության գնի մեջ ներառված է նաև հիվանդի հետագա խնամքը։
Նախարարն անդրադարձավ նաև լուրերին, թե տարվա մեջ հազարավոր քաղաքացիներ են մեկնում Վրաստան` ասելով, որ տարեկան միայն 100-200–ն են գնում Վրաստան` փոխարենը Հայաստանում 5000 վիրահատություն է անցկացվում։
Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ձեռքբերումները թվարկելով` ասել էր, որ սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for life» (սրտի անվճար ստենտավորում) ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։