2019թ․դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։
Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ ցանկացած սահմանադրական փոփոխություն ենթադրում է, որ նախորդ Սահմանադրության մեջ կան որոշակի բացեր, թերություններ, հետևաբար, փոփոխությունները միտված են դրանց վերացմանը: Ըստ այդմ՝ սահմանադրական բարեփոխումները ենթադրում են նաև հասարակության, պետականության որակական բարձրացում:
«Սահմանադրության փոփոխությունների հարցը ինչո՞ւ է հաճախակի շոշափվում: Եթե առաջնորդվենք վերը նշված կանխավարկածով կամ մոտեցմամբ, ապա նախորդ խմբագրմամբ Սահմանադրություններն ունեցել են լուրջ թերություններ՝ մեջբերելով կառավարման ձևն ու տարբեր բնույթի կենցաղային խնդիրները՝ հիմնավորելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»,- նշում է իրավագետը:
Այվազյան. «ՀԱԿ-ի հայտարարությունը մեր պետությունը ծաղրելու կամ անարգելու փորձ է»
Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ իրականում կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, որովհետև գործող փաստաթուղթը հարուցում է շատ լուրջ խնդիրներ: Խոսքը վերաբերում է սահմանադրական օբյեկտների աստիճանակարգին, որը խախտված է։
Թեև Վարդան Այվազյանը նշված հիմնարար հարցերին անդրադառնում է, բայցևայնպես չի կարծում, որ սահմանադրական փոփոխությունների հեղինակներն ակադեմիական առումով խորությամբ գիտակցում են արծարծված խնդիրները: