ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին. «գողական» թեման բուռն վեճի պատճառ դարձավ. տեսանյութ

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո Ազգային ժողովի նիստերի դահլիճը փոթորկվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Օրենքով գողերի» թեման այսօր ԱԺ-ում հարաբերություններ պարզելու պատճառ դարձավ։ Քիչ էր մնում` լեզվակռիվը վերածվեր ծեծկռտուքի։

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում դիմեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և ասաց. «Մենք միշտ էլ դեմ ենք հանցավորությանը, բայց մենք նաև մի սկզբունք ենք պահում` մարդուն պետք է դատել կատարած հանցանքի համար։ «Գողական աշխարհ» ի՞նչ է նշանակում, պարոն նախարար։ Դա ի՞նչ հասկացություն է, ո՞վ կարող է այդ սահմանը գծել։ Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, բայց մի հուշում ասեմ` էդ գողական բառի հետ երեք տառից կազմված մի հասկացություն կա, լավ կլինի` դրա դեմ պայքարեք»։

Այնուհետև ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և անդրադարձավ Պետրոսյանի ասածին։

««Բարգավաճ Հայաստանը» պետք է ներողություն խնդրի իր պատգամավորի խայտառակ պահվածքի համար»,– ասաց նա։

Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

Ելույթն ավարտելուց հետո, երբ Բաբաջանյանն իր աթոռին էր մոտենում, «Բարգավաճ Հայաստանի» մի քանի պատգամավորներ մոտեցան ու սկսեցին բղավել նրա վրա։ Մյուս պատգամավորների միջամտության շնորհիվ լեզվակռիվը ծեծկռտուքի չվերածվեց։

Մի քանի րոպե շարունակվող լեզվակռվի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անընդհատ կրկնում էր. «Բոլոր պատգամավորները նստեն իրենց տեղերը»։

ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները

Այնուհետև նա կարգապահական միջոցներ ձեռնարկեց վեճի մասնակիցների` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց նա։

Նշենք, որ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին