ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որը ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր է, երբեք չի ուզել որևէ մեկին նմանվել։
«Միշտ փորձել եմ որևէ մեկին չնմանվել»,–ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։
Գեղասահորդի խոսքով` ինքը միայն այն ժամանակ է հասկացել, որ սեփական ոճն ունի, երբ սկսել է պատանիների միջազգային մրցումների մասնակցել։
Դանիելյանը նշել է, որ փոքր հասակում հետևել է` ինչպես են սահում այն ժամանակվա առաջատարները` Եվգենի Պլյուշչենկոն ու Ալեքսեյ Յագուդինը։
Հարցին` արդյոք պրոֆեսիոնալ մարզումներն ու բազմաթիվ պարապմունքները չե՞ն գորշացրել մանկությունը, 16–ամյա գեղասահորդը պարզ պատասխան է տվել։
«Ես ամեն ինչ հասցնում էի, այդ պատճառով նման դժվարություններ չեմ ունեցել։ Մարզվում էի, իսկ երեկոյան ընկերներիս հետ էի անցկացնում կամ ֆուտբոլ խաղում»,- պատասխանել է տղան։
Արթուրը ծնվել է Վոլգոգրադում։ Նա Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։
«Հայերեն խոսում եմ, ընտանիքում առանց սահմանափակումների շփվում ենք երկու լեզվով», – ասել է նա` ավելացնելով, որ հայերեն էին հաղորդակցվում պրոդյուսերի, ISU Skating Awards նախագծի գաղափարի հեղինակ Արա Զաքարյանի հետ` Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ։
Արթուրը նաև անկեղծացել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ–ի գեղասահքի սպորտային դպրոց տեղափոխվելուց հետո սկզբում ամաչել է դասընկերներից, բայց հետո նրանք սկսել են շփվել իր հետ, որպեսզի ինքն ավելի անկաշկանդ ու հանգիստ զգա նոր միջավայրում։