Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պարզվում է` առաջին հայացքից սպորտի հետ կապ չունեցող նախասիրությունները գոտեմարտեր անցկացնելու ժամանակ մարզիկներին շատ են օգնում:
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ճկունություն, ռեակցիա, արագություն և մոտվիացիա: Այս գործոնները հաղթանակի հասնելու գործում շատ կարևոր են բոլոր ըմբիշների համար:

Ի՞նչ կանի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը, եթե դառնա ԱԺ պատգամավոր

Ըմբշամարտի Հայաստանի ազատ ոճի հավաքականի ըմբիշներին այս ամենը զարգացնելու համար օգնում են որսը, ձկնորսությունը, մոտոցիկլ վարելը, գիրք կարդալն ու ֆուտբոլ խաղալը:

Հայ ըմբիշների գոտեմարտերին հետևելիս հաճախ հարց է առաջանում` ինչպե՞ս են կարողանում դժվար իրավիճակներից դուրս գալ, ինչպե՞ս են բեկում գոտմարտի ընթացքը` պարտվելիս, կամ ինչպե՞ս են զգում մրցակցի թույլ ու ուժեղ կողմերը:

Բնականաբար, այդ գործում շատ կարևոր է մարզվելն ու լավ մարզավիճակ ձեռք բերելը, սակայն, ինչպես պարզվում է` գորգից դուրս կան զբաղմունքներ, որոնք ըմբիշներին օգնում են գոտեմարտելիս:

Փորձառու ըմբիշ, Հայաստանի չեմպիոն, 35 ամյա Միհրան Ջաբուրյանը սիրում է նապաստակի որս անել: Դրա համար պետք են գալիս նրա որսորդական հրացանն ու ըմբշամարտիկին բնորոշ հատկությունները։

«Որսին խփելու համար պետք է համբերատարություն դրսևորես, սպասես որպեսզի գա պահն ու ակնթարթորեն կրակես: Իսկ կրակելուց առաջ պետք է դիրք զբաղեցնես, մարմինդ ճիշտ դասավորես քո դիրքում: Մի խոսքով` կարծես թե հնարքն ես նախապատրաստում մրցակցիդ նկատմամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ջաբուրյանը:

Հայ ըմբիշը երկրորդ «նապաստակին» բռնում է գորգի վրա:

Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք

Հետո էլ ասում են` «երկու նապաստակի հետևից ընկնողը ոչ մեկին չի բռնի»:

Որսի աստվածուհին. արմավիրցի լարախաղաց աղջիկն աչքերը փակ նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

Եվրոպայի չեմպիոն, 20 ամյա Արսեն Հարությունյանն էլ սիրում է ձուկ բռնել: Ճիշտ է, երիտասարդ ըմբիշը դրա համար հատուկ վայրեր է ընտրում, որտեղ խայծը շատ շուտ է հայտնվում ձկան կոկորդում, բայց միևնույնն է, Արսենը գտնում է, որ այսպես իր մոտ համբերատարությունն է զարգանում։

«Գորգի վրա էլ ինտենսիվ շարժումներով փորձում ես շեղել մրցակցին, ու հենց խայծը կուլ է տալիս, անմիջապես հետևում է հնարքը»,–ասում է մարզիկը:

Բացի այդ, Հարությունյանի նախասիրությունների մեջ է մտնում նաև մոտոցիկլ վարելը։ Այս մեկն արդեն, ադրենալինի հոսքն է ապահովում նրա երակներում, ինչն անչափ կարևոր է մրցագորգի վրա:

Ազատ ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականի հնաբնակներից` փորձառու ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանն ազատ ժամանակ սիրում է գիրք կարդալ կամ վավերագրական ֆիլմեր դիտել։

«Թող զարմանալի չթվա, բայց ես մոտիվացիա եմ ստանում, երբ կարդում եմ այս կամ այն հերոսի անցած ճանապարհի մասին: Ոգևորվում եմ նրա համառությամբ, մտքի արագությամբ: Ու եթե մարզիկ է` նաև նվաճումներով: Իսկ երբ դա տեսնում եմ էկրանի վրա` մեծ ցանկություն է առաջանում նմանվել հերոսին»- ավելացրեց Ֆրանգուլյանը:

Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչն է օգնում լավ գոտեմարտել Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 20 ամյա Վազեն Թևանյանին. նորին մեծություն ֆուտբոլը։

«Կարճ տարածությունների վրա արագություն հավաքելը, կոորդինացիան, մարմնի ու մտքի արագությունը։ Սրանք ֆուտբոլում շատ կարևոր են, և ես զգում եմ, որ դա ինձ շատ է պետք գալիս գորգի վրա»- ասաց Թևանյանը:

Ստացվում է, որ ըմբշամարտն անմիջական կապ ունի կյանքը շրջապատող բոլոր գործոնների հետ: Ու տարբեր նախասիրությունների տեր ըմբիշները միավորվում ու հավաքական են դառնում գորգի վրա: