Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Հայաստանը տարեցտարի ավելի է հետաքրքրում արշավների, լեռնագնացության սիրահարներին։ Մեր երկիրն ունի «top destination» դառնալու բոլոր հնարավորությունները։ Համակցված տուրերի դեպքում էլ հաճախ զբոսաշրջիկները Հայաստանը հարևան երկրներից ավելի շատ են հավանում։
Sputnik

Սկսեց Արա լեռից, հասավ մինչև Հիմալայներ ու Կիլիմանջարո։ Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանը գրեթե 9 տարի է` նվաճում է հայաստանյան ու աշխարհի հայտնի լեռնագագաթները։ «Նվաճել» բառի հետ Գևորգը համաձայն չէ։ Լեռնագնացներն ասում են` լեռնագագաթները չեն նվաճվում։ Դրանք թույլ են տալիս մի քանի րոպե կանգնել, ապա ձյունը կամ քամին մաքրում են բոլոր հետքերը։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Ամեն ինչ սկսվեց արշավներից. հանգստյան օրերին Գևորգն ընկերների հետ Հայաստանում արշավներ էր կազմակերպում։ Այնքան սիրեց, որ մտածեց` անասնաբուժությանը զուգահեռ նաև տուրիզմով զբաղվել։ Իր սերն արշավների նկատմամբ որոշեց ավելի պրոֆեսիոնալ հիմնավորել, մասնակցեց համապատասխան դասընթացների ու որոշեց նաև որպես գիդ աշխատել։ Արշավներին զուգահեռ մեկնարկեց նաև Գևորգի «լեռնային ուղին»։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Արա լեռ, Արագած, Գեղամա լեռներ, հետո հասավ Արարատ։ Այստեղից սկսվեց Գևորգի` «համաշխարհային լեռնագագաթների նվաճման պատմությունը»` Կազբեկ, Մոնբլան, Էլբրուս, Հիմալայներ, իսկ ընդամենը օրեր առաջ Տանզանիայից է վերադարձել։ Աֆրիկայի ամենաբարձր կետը` Կիլիմանջարոն, գումարվեց այն լեռնագագաթների թվին, որոնք Գևորգին «թույլ են տվել» կանգնել այդ բարձունքում։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

«Տանզանիայում մեր գիդի հետ էինք զրուցում։ Ասացինք, որ Հայաստանից ենք։ Հարցրեց` մե՞ծ երկիր է։ Ասացինք` դե, ՀՀ ներկայիս տարածքը  33.000 քառ. կմ է։ Ասաց` փոքր եք, Տանզանիան մոտ 950 հազար քառ. կմ է։ Ընկերս հարցրեց` «իսկ դուք այստեղ կինո, թատրոն գնու՞մ եք»։ Նա պատասխանեց` ոչ։ Ընկերս էլ ասաց` իսկ Հայաստանում դեռ մ.թ.ա. 1-ին դարում Արտավազդ Բ–ն արդեն թատրոն էր հիմնել»,– պատմում է Գևորգն ու ավելացնում, որ աշխարհում ճամփորդող յուրաքանչյուր հայ նաև իր երկրի դեսպանն է։ Ճամփորդությունների ժամանակ Գևորգն ու ընկերներն ամենուր Հայաստանի դրոշն են ծածանում ու մեր երկրի մասին պատմում։ Նախորդ տարի արշավում էին Հարավային Ամերիկա և նույնիսկ Մաչու Պիկչու հասան։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Յուրաքանչյուր արշավ, լեռնային վերելք, իր դժվարություններն ու ռիսկերն ունի։ Անկեղծանում է` երբեմն գիշերով այնպիսի վտանգավոր ճանապարհներ են հաղթահարում, որ երբ լույսը բացվում է և հետդարձի ճանապարհն են բռնում, մտածում են` ինչպես են այդտեղով անցել ու ողջ մնացել։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Խոստովանում է, որ ալպինիզմը բավականին թանկ հաճույք է` սկսած անհրաժեշտ տեխնիկայից, սարքավորումներից մինչև ուղևորություններ, կեցություն։ Պետք է խնայես, մտածված ծախսեր անես, որպեսզի դրված նպատակիդ հասնես։ Ճամփորդելուց բացի, Գևորգը նաև Հայաստանում տարբեր երկրներից զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Ասում է` մեր երկիրը տարեցտարի ավելի է հետաքրքրում արշավների, լեռնագնացության սիրահարներին։ Այս տարվա համար նա արդեն մոտ մեկ տասնյակ տարբեր խմբեր հյուրընկալելու պայմանավորվածություն ունի։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Հայաստանը հնարավորություն ունի դառնալու «top destination»։ Նրա խոսքով` մեր երկիրը գրավիչ է հատկապես նրանով, որ այստեղ յուրաքանչյուր տարածաշրջան տարբերվում է` լանդշաֆտով, բնության բազմազանությամբ, կոլորիտով։ Հպարտությամբ է նշում` զբոսաշրջիկներ են լինում, որ դեպի Հայաստան և հարևան երկրներ համակցված տուրեր են անում, և առավել սիրում են Հայաստանը, որովհետև այստեղ բնությունից բացի նաև հարուստ մշակույթ կա։ Ամեն քայլափոխի խաչքար է, ժայռի քերծին կանգնած մի հրաշալի եկեղեցի...

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Քանի որ արշավական բազմաթիվ երթուղիներ Վայոց Ձորով են անցնում, մի օր էլ Գևորգը մտածեց արշավականների համար Եղեգիսի կիրճում հյուրատուն հիմնել։ Ընկերների հետ ուսումնասիրեցին աշխարհի փորձն ու գտան յուրահատուկ լուծում` հյուրատուն կոնտեյներներով։ Հետո էլ այն ձևավորեցին, այսպես ասած, ձեռքի տակ եղածով` առանց ավելորդությունների, մինիմալիստական ոճով։ Այդպես և Վայոց Ձոր եկող արշավականների գիշերակացի հարցը լուծվեց, և տեղացի մոտ մեկ տասնյակ մարդկանց համար աշխատատեղ ստեղծվեց։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Գևորգն ասում է, որ առաջիկայում իրեն սպասում են Խան Տենգրին` Տյան Շանի լեռնագագաթներից մեկը, իր 7010 մետր բարձրությամբ և Ակոն Կագուան` Հարավային Ամերիկայի ամենաբարձր կետը` 6960 մետր բարձրությամբ։ Խոստանում է, որ Հիմալայների ամենաբարձր գագաթը` Էվերեստը, բարձրանալուց հետո «թոշակ կանցնի»։ Մինչ այդ շարունակում է որպես անասնաբույժ աշխատել, աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարդկանց Հայաստանի գրավչությունը ներկայացնել ու իր համար  աշխարհի գաղտնիքները բացահայտել։