ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր կայացած ասուլիսում նշեց, որ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի նշանակման որոշում կայացնելը եղել է բարդ, բայց հաշվի են առնվել ոչ միայն ոլորտի մասնագետներին ու իրեն հասած բողոքները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարարության` մինչ այս արած ուսումնասիրությունները:
Նշենք, որ երեկ` հունվարի 17–ին, հրապարակվեց Շիրակի մարզպետի՝ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի նշանակման որոշումը, որը բուռն քննարկումների առիթ տվեց:
Ի սկզբանե այս հաստատության համար մրցութային պայքարը բավականին թեժ էր: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցում էին երկու թեկնածու՝ բուժհաստատության նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որը ղեկավարել է տվյալ հաստատությունը 15 տարի, և նույն հիվանդանոցի ու Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը։ Նա Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը։
Թեկնածուները մրցութային փուլերն հաղթահարել էին, նրանք հավասար միավորներ էին հավաքել։ Այս դեպքում, ըստ օրենքի, վերջնական նշանակումը Շիրակի մարզպետինն էր։ Նրա ընտրությունը կանգ առավ վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանի վրա։
Որոշումն անմիջապես հրապարակելուց հետո հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մարզպետի այս քայլը «ոչ օբյեկտիվ և ակնհայտ հովանավորչություն» որակեց: «Սա վաղուց կայացված, կլանային որոշում էր: Սա տնօրեն փոխել չէր, այլ իմ ձեռքից իմ գործը խլել էր, որը չեմ հանդուրժելու»: Ի դեպ, տնօրենին սկզբում 7-ամսյա փորձաշրջանով են նշանակել, ինչը, ըստ Աշոտ Կուրղինյանի, բնակչության «զայրութը մեղմելու» համար է միայն արված:
Կուրղինյանի խոսքով` հիվանդանոցն այս ընթացքում աշխատել է առանց ֆինանսական խնդիրների, ավելին` առաջընթաց է գրանցել:
Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից
Տեղին է նշել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումը, որը դեկտեմբերին Գյումրի կատարած այցի ժամանակ գոհունակություն էր հայտնել բուժհաստատության տնօրենի աշխատանքի վերաբերյալ։ Բայց այլ բան է վկայում նախարարության հատուկ հանձնաժողովի` 2018 և 2019 թվականներին արած ուսումնասիրությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել մարզպետի համար որոշում կայացնելիս:
«Որոշումն իմն է, այն քննարկել եմ ոլորտային դերակատարների հետ, կայացրել եմ` հայտնելով իմ մտահոգությունները հիվանդանոցում ստեղծված կառավարման իրավիճակի հետ կապված»,–ասաց Պետրոսյանը:
Մարզպետը չի հերքում՝ Ժորժիկ Սերոբյանը նախընտրական գործընթացի ժամանակ օգնել է իրեն, բայց տնօրենի նշանակման որոշման մեջ հաշվի է առնվել վերջինիս մասնագիտական որակները:
Ի դեպ, նշենք, որ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ղեկավարման ժամանակ կայացած աուդիտի արդյունքում բուժհաստատությունում քրեական գործ էր հարուցվել, որը սակայն կարճվել էր: Ըստ Տիգրան Պետրոսյանի` կանխակալ վերաբերմունք ունենալու դեպքում հենց այդ ժամանակ, երբ լրացել էր Աշոտ Կուրղինյանի ղեկավարման ժամկետը, ինքը վերջինիս հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար չէր նշանակի:
Մարզպետը նաև նշեց՝ նշանակումն իրականացվել է` հիմք ընդունելով Առողջապահության նախարարության հայտնաբերած խախտումները, այդ թվում՝ բաժանմունքների, հատկապես մանկաբարձագինեկոլոգիական և մանկական կառուցահատվածի մանրէաբանական լաբորատորիայի ընդհանուր հիգիենիկ և համաճարակաբանային ռեժիմների վերաբերյալ:
Որոշման համար հիմք են հանդիսացել նաև օրեր առաջ բուժհաստատության լաբորատորիա ուսումնասիրման բերված բրուցելոզով հիվանդ կովի արյան անալիզի արդյունքները. բուժաշխատողները նմուշում ոչ մի տարօրինակ արդյունք չեն արձանագրել: «Ես ինչպես կարող եմ սրա համար պատասխանատվություն վերցնել: Այս պարագայում ես գտնում եմ, որ ընտրություն չեմ ունեցել»,-նշեց մարզպետը:
Իսկ Աշոտ Կուրղինյանը սա սադրանք է որակել և դիմել իրավապահ մարմիններին` այն մանրամասն ուսումնասիրելու համար: