Նաիրի Հունանյանը նամակ է գրել Փաշինյանին. ինչ է առաջարկում նա

Հունանյանը գործի քննությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել և խոստացել է ջանք չխնայել կազմակերպիչների բացահայտման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրանք նաև նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները

Բայց «Հրապարակ» կայքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հունանյանի գրած նամակից։

Ըստ այդմ` նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և գործի քննությանը մասնակցելու պատրաստակամություն  հայտնել՝ խոստանալով ջանք չխնայել ու աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։

«Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»,–գրել է կայքը:

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ դատապարտվելուց 20 տարի անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Հայաստանում ցմահ ազատազրկվածների` ներման խնդրագիր ներկայացնելու ժամկետը կկրճատվի

Սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը, իսկ հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը Հունանյանի դիմումի առնչությամբ ներկայացրել էին բացասական զեկույց: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշել էր Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը դատարան չներկայացնել։