Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի երրորդ նախագահը կարծում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան դեպքը պետք է լինի հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»,– նշված է ցավակցական տեքստում:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը:

«Սա վատ նշան է պետության համար». Լարիսա Ալավերդյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

«Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին: Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո»,– գրել է ՀՀ երրորդ նախագահը:

Հիշեցնենք` ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։

Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։

Գեորգի Կուտոյանը որևէ քրեական գործով չի հարցաքննվել. ՀՔԾ