ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին հնարավոր է` «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից տուն տանեն. Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ–ի մեր աղբյուրը։
Մանվել Գրիգորյանն արդեն մի քանի օր է ինչ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք առողջական վիճակի վատթարացման հետևանքով։ Երեկ` հունվարի 15–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին։
«Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է»,–ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ էր արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։
Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Ամիրյանին մեղադրանք էր առաջադրվել 2018–ի հունիսի 30–ին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: