ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Արամի 23 շենքի ամրակայման հարցում ընտրվել է իտալացի մասնագետների նախագիծը»

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արամի 23 հասցեում տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի ճակատագրին:
Sputnik
Հովսեփյան. «Արամի 23 շենքի ամրակայման հարցում ընտրվել է իտալացի մասնագետների նախագիծը»

Արամի 23 շենքի խնդիրը նոր չէ։ Այն բազմիցս քննարկվել է, և ԿԳՄՍ նախարարությունն այս խնդրի հետ կապված կարող է գործել միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը։ 

«Մեր նախարարությունից բացի, այս հարցում շահագիրգիռ կողմ են նաև քաղաքապետարանն ու քաղաքաշինության կոմիտեն: Արամի 23 հասցեում գտնվող «Փոքրիկ երգիչների» շենքը վթարային վիճակում է, բայց այն գտնվում է նաև «Հին Երևան օլդ սիթի» մեծ նախագծի մեջ, և մասնագետներն ասում են, որ պետք է խնդիրը դիտարկել նաև այս համատեքստում»,-նշում է նախարարի խորհրդականը:

Արթուր Հովսեփյանի տեղեկացմամբ՝ անցյալում խնդրի հետ կապված եղել են խճճված պատմություններ, որոնցով զբաղվելն այժմ չի մտնում նախարարության լիազորությունների շրջանակի մեջ: Հիմա շենքի ամրակայման աշխատանքներով զբաղվում է «Ամուր քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը հետագայում զբաղվելու է նաև այլ շինարարական աշխատանքներով: Արամի 23 հասցեի հետ կապված կար խնդիր՝ փրկել շենքի ճակատային և կողային պատերը:

Արամի 23-ի շենքի փլուզումը նախադեպ չի լինի. քաղաքապետը խոստանում է պահպանել հուշարձանները

Արամի 23. ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի ներսում

«Նախկինում իտալացի մասնագետները ներկայացրել էին նախագիծ՝ նշելով, թե որքան կարժենան ամրակայման աշխատանքները, և ինչպես պետք է դրանք արվեն: Նրանք դիմեցին մեզ նոյեմբերին: Նախարարությունում եղել են ակտիվ քննարկումներ «Ամուր քնսթրաքշնի», «Օլդ սիթիի» ներկայացուցիչների հետ, որպեսզի գտնենք բոլորի համար ընդունելի լուծում առ այն, թե ինչպես պետք է շենքն առավելագույնս ամրակայել, և որքան դա կարժենա»,-նշում է նախարարի խորհրդականը:

Անդունդի եզրին. Երևանի Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան շենքը փլուզվում է

Արթուր Հովսեփյանի փոխանցմամբ՝ համապատասխան դրական եզրակացություններն ու թույլտվությունները տրվել են կողմերին: Արդյունքում որպես հիմք վերցվել է իտալացի մասնագետների գծագրած նախագիծը: Շինարարական աշխատանք իրականացնողների համար ընտրվել է ընդունելի տարբերակ, որպեսզի պահպանվեն շենքի պատերը: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փորձում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեյանի հետ հանդիպել, որպեսզի կարողանան վերջնականապես հասկանալ, թե ինչու գործն առաջ չի գնում: