Հայաստանը վճռական է տրամադրված. Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նոր վարչապետին

ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի իշխանությունների վճռականությունը`երկկողմ ու բազմակողմ գործընկերության հետագա ամրապնդման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում վարչապետը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը վճռականորեն է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ ակտիվ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»,– ասված է ուղերձում:

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

Գործարարից մինչև վարչապետ. ի՞նչ է հայտնի Միխայիլ Միշուստինի մասին

ՌԴ նախագահը շնորհակալություն էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և նախարարների կաբինետին խնդրել պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Պետդուման համաձայնություն տվեց, որ ՌԴ նոր վարչապետ նշանակվի Միշուստինը

Հունվարի 16-ին ՌԴ Պետական դուման 383 կողմ ու ոչ մի դեմ ձայներով հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։