Նոր հարվածներ. ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից

Մեկ շաբաթվա ընթացքում Իրաքում ամերիկյան չորս ռազմաբազա է հրթիռակոծվել։ Սա միայն մեկ բացատրություն ունի` ամերիկյան կոալիցիային համառորեն դուրս են հրավիրում տարածաշրջանից։
Sputnik

Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկո

Հունվարի 14–ին Իրաքի Էթ Թաջի ամերիկյան ռազմաբազայի տարածքը նոր հրթիռակոծության է ենթարկվել։ Տեղեկությունը հաստատել է ամերիկյան կոալիցիայի կենտրոնակայանի ներկայացուցիչ Մայլս Կեգինսը։ Ամերիկան կասկածում է Իրաքի շիական աշխարհազորին, որի ղեկավար Աբու Մահդի ալ Մուհանդիսը հունվարի 3–ին Բաղդադի օդանավակայանում սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Ջամալյան. «ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից ինքնակամ դուրս չի գա»

Այս դեպքում էական չէ, թե կոնկրետ ով է իրաքյան գործողությունների կատարողը, մենք հետևում ենք միտումներին ու «Նահատակ Սոլեյմանի» իրանական ռազմական օպերացիայի զարգացմանը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքում ամերիկյան բազաների վրա իրականացված հարձակումը «Նահատակ Սոլեյմանի» ռազմական խոշոր գործողության սկիզբն է և շարունակվելու է ամբողջ տարածաշրջանում. Սոլեյմանիի մահվան իսկական վրեժը լինելու է ԱՄՆ–ին Մերձավոր Արևելքից վռնդելը։

Ինչպես Հայաստանի վրա կազդի Իրանում տիրող իրավիճակը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեսակետը

Վաշինգտոնում հասկանում են, թե որքան բարդ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Աֆղանստան–Իրաք–Սիրիա «թեժ միջանցքում», որտեղ ամերիկյան զորքեր կան։ Այդ պատճառով էլ Պենտագոնի ռազմական օբյեկտներին և հեղինակությանն ուղղված բոլոր չորս հարվածները փաստացի անպատասխան են մնացել։ Վաշինգտոնի ստեղծած արհեստական ճգնաժամային իրավիճակում ամերիկացիները փորձում են դիվանագիտորեն խուսավարել. հատկանշական է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի չհայտարարված այցը Թեհրան։

Պատասխան միջոցներ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 13–ին հավանություն է տվել խորհրդարանի ընդունած օրինագծին, որի համաձայն Պենտագոնն ու դրա հետ կապված կառույցները ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություն։ Հնարավոր է, որ դա Վաշինգտոնին ուղղված ռազմաքաղաքական նախազգուշացում է (մեծ պատերազմ ոչ ոք չի ուզում)։

Բայց Ռոհանիի ստորագրած և իրանցի պատգամավորների ճնշող մեծամասնությամբ ընդունված օրենքը թույլ է տալիս Իրանի զինված ուժերին տարածաշրջանում և աշխարհի ցանկացած կետում հարձակվել ԱՄՆ ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի վրա` առանց իրավական լրացուցիչ հիմնավորումների։ Ոչ ոք չի բացահայտում ամերիկյան կոալիցիայի դեմ ուղղված «Նահատակ Սոլեյմանի» ռազմական գործողության մանրամասները։ Հաշվի առնելով սկզբունքային տարաձայնությունները` պահպանվում է ԱՄՆ–ի և Իրանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության բարձր հավանականությունը։

ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

Մյուս կողմից` Իրաքի խորհրդարանը հունվարի 5–ի արտահերթ նիստում բանաձև է ընդունել, որը կառավարությանը պարտավորեցնում է վերջ դնել Իրաքում օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը։ Թրամփն ի պատասխան աննախադեպ պատժամիջոցներ է խոստացել։ Եթե Բաղդադն ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին վերջնական որոշում ընդունի, ԱՄՆ–ն սպառնում է սառեցնել Իրաքի տասնյակ միլիարդ դոլարները, որոնք պահվում են իր բանկերում, կրճատել ռազմական օգնությունը։

ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված ՀՀ վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ. իրանագետ

Պատմության նժարները տատանվում են։ Պենտագոնն ու կոալիցիան բարոյապես պատրաստ են թողնել անհանգիստ տարածաշրջանը, որովհետև հակառակորդն ամուր է և բարձր տեխնոլոգիական։ Իրանն ունի հարվածային սպառազինությունների զարգացած համալիր, այդ թվում` «Հովեյզե» թևավոր հրթիռներ, իսկ ամերիկյան կոալիցիան Իրաքում չունի հուսալի ՀՕՊ համակարգեր։ Հունվարի 8-ին գրանցված հրթիռային առաջին հարվածները ցույց տվեցին ԱՄՆ-ի ռազմակայանների և կոալիցիայի զորքերի պաշտպանունակության իսպառ բացակայությունը (միջին հեռահարության իրանական հրթիռները կարող են թիրախներ խոցել մինչեւ 2500 կմ հեռավորության վրա): Պենտագոնին մնում է հույսը դնել միայն հակառակորդի ճամբարում հետախուզության կամ վճարովի իրազեկիչների տեխնիկական միջոցների վրա։ 

Ուժերի դասավորությունը

Մերձավոր Արևելքից դուրս ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերի ներուժն անհամեմատելի է։ Բայց տվյալ տարածաշրջանում Պենտագոնի որոշակի առավելությունը համահարթվում է սեփական տարածքում իրանական զորքերի կենտրոնացմամբ։

Մերձավոր Արևելքի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու. Դավիթ Ջամալյան 

Global Firepower ռազմական հզորության համաշխարհային վարկանիշում վերլուծաբաններն Իրանին հատկացնում են 14-րդ տեղը, որը բարձր է Պակիստանից, Իսրայելից, Հյուսիսային Կորեայից։ Թեհրանի դեմ բացահայտ ագրեսիան սպառնում է լուրջ հետևանքներով և ամերիկյան կոալիցիայի կորուստներով` ներառյալ տարածաշրջանային գործընկերները։ Ի դեպ, Իրանը նույնպես դաշնակիցներ ունի։

Թուրքիայի պաշտպանական շինարարության հիանալի օրինակը՝ հիմնված Ռուսաստանի հետ համագործակցության վրա, նախանշել է ԱՄՆ-ի գործընկերների վրա նրա ազդեցության իրական սահմանները։ Ռազմական անփոխարինելի համակարգեր, գործընկերներ և դաշնակիցներ չկան։ Այսօր Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական արժեքների վերագնահատման գործընթաց է ընթանում։ Բնականաբար, ԱՄՆ-ի խոստացած պատժամիջոցները Բաղդադի դեմ կարող են չգործել, ինչպես դա տեղի է ունեցել մի շարք ուրիշ երկրների դեպքում։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա կոնֆլիկտային իրավիճակն արագ հաղթահարել չի հաջողվի, ինչպես դա եղավ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի դեպքում։ Խանգարում է 2013թ-ին այաթոլլա Համենեի` Իրանում միջուկային զենքն արգելելու մասին որոշումը։ Դրանից ի վեր Թեհրանը չի փոխել պաշտոնական դիրքորոշումը։