ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է կարգի բերել տեղեկատվական հոսքերը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Հայաստանում հստակ պատկերացում է ձևավորվել` ֆեյքը վատ է ու վտանգավոր, որ համացանցում բոլորը պետք է «բաց» լինեն։
Ու դա սխալ է։ Կան մարդիկ, որոնք ասելիք ունեն, բայց անվտանգության նկատառումներից դրդված` նրանք պետք է անանուն մնան։ Հատկապես, որ երկրում արդեն անանուն «իրազեկիչի» ինստիտուտ կա։
«Ինչ վերաբերում է ֆեյք «Դիանա Հարությունյանին», ապա այդ էջը վարողի հասցեին հնչում են նույն կոչերը, որոնք հնչում էին Ստալինի ժամանակ.... Բայց եթե ֆեյք օգտատերը կարող է ինչ–որ բան թուլացնել, առաջնային խնդիրը բուն ֆեյքը չէ։ Պետք է սովորել սխալների վրա, լուծել խնդրահարույց պահերը», – ասաց Մարտիրոսյանը։
Միաժամանակ հատուկ ծառայությունները վերջերս շատ արագ են հայտնաբերում ֆեյքերին. «Դիանա Հարությունյանին» բացահայտելու համար մեկ օր պահանջվեց։ Կարելի է ենթադրել, որ հնարավորություններն ու միջոցներն ընդլայնվում են, բայց ֆեյք բացահայտելով՝ խնդիրը չի լուծվում, քանի որ նույն ապատեղակատվությունը կարող է Facebook–ի հայաստանյան տիրույթում տեղադրվել Բաքվից։
Ես ամենաանհետաքրքիր քաղաքական գործիչն եմ. պատգամավորի պաշտոնական հասցեից նամակ են ուղարկել
«Նույն Դիանա Հարությունյան անուն-ազգանունը նորից գրանցեն, ինչ ուզեն, գրեն իր անունից։ Ես զարմացա, որ Հայաստանից էր այդ ֆեյքը, շատ տիպիկ ադրբեջանական ձեռագիր էր, ընդունված ձև է՝ վերցնում, գրանցվում են կամ մի հայաստանցու պրոֆիլ կոտրում են, սա մեծ հնարքներ չի պահանջում»,– ասաց փորձագետը։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ եվրոպական երկրներում վստահություն են վայելում կայացած լրատվամիջոցները։ Բայց Հայաստանում տարբեր նախարարությունները տարբեր կերպ են աշխատում. պաշտոնական տեղեկության մի մասը Facebook–ում է հրապարակվում։ Մի դեպքում նախարարն ինքն է «live» մտնում, մյուս դեպքում մամուլի քարտուղարն է ակտիվ։
«Պետք չէ ֆեյքերի դեմ պայքարել։ Պետք է տեղեկատվական հստակ հոսքեր ձևավորել, բարձրացնել հասարակության կրթվածության մակարդակը, պայմաններ ստեղծել ԶԼՄ–ների օպերատիվ աշխատանքի համար։ Կան պետական կառույցներ, որոնք թերացումներով են աշխատում», – նշեց Մարտիրոսյանը։
Ֆեյքերը, միևնույնն է, շարունակելու են հայտնվել։ Ծայրահեղ դեպքում դրանք կարող են արտասահմանում ստեղծվել ու անպատիժ մնալ։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ պաշտոնյաներն օգտագործում են Facebook–ը և մյուս սոցցանցերը, ապա հաշվի առնելով զարգացող տեխնոլոգիաները` դա նորմալ է։ Բայց տեղեկությունները սոցցանցերով տրամադրելու հարցը համակարգման կարիք ունի։
Փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ չի սահմանում կեղծ լուրեր հրապարակելու համար, նույնիսկ եթե դրանք սպառնում են հասարակական անվտանգությանը։
«Քրեական օրենսգիրքը նման նորմեր չունի։ «Դիանա Հարությունյան» էջը վարողին մեղադրանք է առաջադրվել 226 հոդվածով (հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը), – ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` հոդվածը հարմարեցվել է, քանի որ գրառման հեղինակի խոսքով` հրապարակումը զուտ քաղաքական էր, մեղադրյալի փաստաբանին դժվար չի լինի իր պաշտպանյալին ազատ արձակել։
Բացի այդ, թեև Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել ֆեյքերի դեմ, բայց այդ լիազորությունները չունի։
Միաժամանակ փաստաբանը նշում է, որ պետք է պայքարել ֆեյք տեղեկությունների դեմ, բայց դա պետք է անել համապատասխան օրենսդրության հիման վրա, որը դեռ գոյություն չունի։
«Հանրությունն իրավունք ունի կասկածելու». Մելիքյանը` «Դիանա Հարությունյանի» գործի մասին
Հիշեցնենք` հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածվել էր նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց ավելի լավ է առանց ԱԱԾ–ի
Հունվարի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Facebook-ում «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Բերման ենթարկվածն ասել էր, որ դա արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։
Հունվարի 8–ին դատարանը կեղծ լուրի հեղինակին կալանավորելու որոշում էր կայացրել։