«Պնդում եմ` ԿԳՄՍ-ում մեր ծրագրի դեմ սաբոտաժ է իրականացվել». Վարդանյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԿԳՄՍ նախարարության`հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ֆինանսավորումը դադարեցնելու մասին:
Sputnik

ԿԳՄՍ նախարարությունում «Արմաթ» ծրագրի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունում նախապես մտադիր էին Հայաստանի բոլոր դպրոցներն այս տարի համալրել ինժեներական լաբորատորիաներով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին

Նրա հաղորդմամբ՝ ծրագրի առկախման դեպքում յուրաքանչյուր տարվա կորուստը կկազմի 20 մլն դոլար:

«Լաբորատորիաները մենակ սարքավորումները չեն, նաև խմբակավարների վերապատրաստումներն են, դուք պատկերացրեք՝ ինչպես և որտեղից պետք է կարողանանք խմբակավար գտնել հեռավոր գյուղերում ռոբոտաշինություն դասավանդելու համար, մրցույթներն են, որ կապ են ստեղծում միմյանց միջև, առանց որի ծրագիրը, համակարգը չի աշխատի»,- ասաց նա։

Խնդրահարույցն այն է, որ սարքավորումների տեղադրումը, լաբորատորիաների աշխատանքների կազմակերպումը, խմբակավարների վերապատրաստումներն ու մրցույթների կազմակերպումը մնում են առանց ֆինանսավորման:

Հայաստանի դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ «Արմաթ» լաբորատորիաներ կգործեն

«Մենք դեմ չենք, որ դպրոցներում լաբորատորիաներ հիմնելու պրոցեսը կազմակերպվի մրցութային կարգով: Դաշտում մոնոպոլ դիրք չունենք, պարզապես ուրիշ խաղացող չկա: Բացի այդ, «Արմաթ» ծրագրի հեղինակը մենք ենք, ժամանակին կառավարությունում ներկայացրել ենք մանրամասնորեն, ինչն էլ արժանացել է գործադիրի հավանությանը»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա միության և նախարարության միջև առաջացած հակասությունը, Կարեն Վարդանյանը պատրաստակամ է ծրագիրն ավարտին հասցնել նույնիսկ այն դեպքում, եթե կառավարությունից որևէ ֆինանսավորում չլինի:

«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) միջև սկանդալ է հասունացել` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թեմայով:

«Լրատվական» ռադիոյի եթերում ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ ԿԳՄՍ–ն դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը: