Հայաստանի հարևանները խանդով են վերաբերվում մեր ցուցանիշներին, դա նորմալ է. նախարար

Հարևանների արձագանքը կարելի է հասկանալ. Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրն ուզում է առաջինը լինել տնտեսական զարգացման ցուցանիշներով և ոչ միայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik.Հայաստանի հարևանները խանդով են վերաբերվում մեր տնտեսական աճի ցուցանիշներին, և դա նորմալ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Մսային» հետհայացք. ինչ և ինչ գնով ենք կերել Ամանորին 12 օր և 28 տարի առաջ

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից (բացարձակ թվերով Ադրբեջանի ՀՆԱ–ն, իհարկե, ավելի մեծ է, բայց բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հաշվարկով Հայաստանն առաջատար է): Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության համաձայն, դա իսկապես այդպես է։ Թեև Համաշխարհային բանկի տվյալներով` այդ ցուցանիշը Հայաստանում կազմում է 4 212 դոլար, Ադրբեջանում` 4 721, Վրաստանում` 4 717 (2018թ–ի ցուցանիշներ)։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրել էր, որ 2019թ–ին Հայաստանում աճել է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը։ Այդ պատճառով էլ ՀՆԱ–ի պատկերը փոխված է երևում։

«Իհարկե, պետք է սպասել 2019թ–ի ՀՆԱ–ի ցուցանիշներին։ Այստեղ վիճակագրական մի քանի նրբություններ կան, որոնք ավելի լավ կբացատրի Ազգային վիճակագրական կոմիտեն։ Ինչ վերաբերում է մեր հարևանների զգացմունքային արձագանքին, ապա դա հասկանալի է։ Յուրաքանչյուրն ուզում է լինել առաջինը», – հայտարարեց նախարարը։

Նշենք, որ 2019թ–ի հունվար–նոյեմբերի տվյալներով` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (տնտեսության աճը` առանց հաշվի առնելու վարկերը և ԱԱՀ–ը) աճել է 7,5 տոկոսով։ Տարվա արդյունքներով էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են նույնանման աճ։