Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

2020 թվականի հունվարից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Նոր կանոնները ոչ բոլորն են ողջունում։ Դրա համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում վարորդներին «տուգանող միավորների» նոր համակարգի շուրջ կարծիքները տարբեր են։ Ոմանք նախաձեռնությունը ճիշտ են համարում ու վստահ են` նոր կանոնները կզսպեն օրինախախտներին, ոմանք էլ պնդում են, որ նոր կարգավորումների զոհ կդառնան հիմնականում բարեխիղճ վարորդները, իսկ «փորձառու խախտողներն» արդեն գիտեն` գազի ոտնակը որտեղ սեղմեն և որտեղ արգելակեն։

«Նոր համակարգի մասին հետևություններ անելը դեռ վաղ է, որովհետև ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1–ից` ընդամենը երկու շաբաթ առաջ։ Ինչ վերաբերում է  մարդկանց արձագանքին, ապա սոցցանցերի և այլ հարթակների մոնիթորինգը ցույց է տալիս, որ ավտոսիրահարների առնվազն 60%–ը կողմ է բալային համակարգի ներդրմանը»,  – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր վարորդի տարեկան 9 բալ է հատկացվում։ Բալային համակարգը կիրառվում է երթևեկության կանոնների գրեթե 3 տասնյակ խախտումների դեպքում։ Այդ խախտումներից յուրաքանչյուրի համար միավորներ են հանվելու, հանվող միավորների քանակը կախված է խախտման վտանգավորության աստիճանից։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառում է 9 միավորը, ապա կես տարով զրկվում է վարորդական իրավունքից։ Վարորդական վկայականը վերականգնելուց հետո նա նորից 9 միավոր է ստանում։ Ու եթե մեկ տարվա ընթացքում այդ միավորները սպառվում են, ապա օրինախախտն արդեն մեկ տարով է զրկվում վարորդական վկայականից։ Այս դեպքում վկայականը հնարավոր է վերականգնել միայն քննություն հանձնելուց հետո։

Ղահրամանյանի խոսքով` հարցվածների 40%–ի մեջ կան մարդիկ, որոնց կարծիքով՝ իրենց ընդհանրապես չպետք է տուգանել կամ էլ պետք է չնչին գումար գանձել։ Ինչ վերաբերում է բալային համակարգի դեմ ողջամիտ փաստարկներին ու քաղաքացիների հնչեցրած օբյեկտիվ բողոքներին, Ղահրամանյանը վստահեցնում է` օրենքը մշակելիս հեղինակները հաշվի են առել դրանք։ Իսկ եթե բողոքներն անհիմն են եղել, ապա համապատասխան պարզաբանումներ են տրվել։

Սակայն ոչ բոլորն են համաձայն օրենքի հեղինակների հետ։ Օրինակ՝ ավտոմասնագետ Արման Հակոբյանը կարծում է, որ օրենքը ստեղծվել է «փորձառու» խախտողներին սանձելու համար, սակայն նրանք գրեթե անգիր գիտեն` Երևանում որտեղ են գտնվում խախտումներն արձանագրող տեսախցիկներն ու արագաչափերը։

«Երևանի քաոսային երթևեկության պայմաններում ցանկացած նորմալ վարորդի համար չափազանց դժվար կլինի մեքենա վարել և բալեր չկորցնել։ Ճանապարհներին ու խաչմերուկներում բացակայում են ճանապարհային նշանները, կամ դրանք նկատելը շատ դժվար է։ Դրա համար խախտումները գրեթե անխուսափելի են, ինչն էլ հանգեցնում է բալեր կորցնելուն։ Ընդհանուր առմամբ երթևեկությունը շատ վատ է կազմակերպված», – ասում է Հակոբյանը։

Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

Եվս մեկ իրավիճակ, որը կարող է պատահել ցանկացած վարորդի հետ. մեքենայի անսարքություն։ Տրանսպորտային միջոցը կարող է փչանալ ճանապարհի մեջտեղում։ Վարորդը կանգնում է, փորձում է մեքենան կարգի բերել, բայց այդ ընթացքում հայտնվում է խախտումներ արձանագրող տեսախցիկի օբյեկտիվում։ Այս դեպքում նույնիսկ միացրած վթարային լույսերը չեն օգնի։ Նման դեպքերի համար պետք է կարմիր եռանկյունի ունենալ, որպեսզի մեքենայի տիրոջը չտուգանեն ճանապարհի մեջտեղում կանգնելու համար։

«Բայց այդ պահին վարորդը կարող է պարզապես չունենալ այդ նշանից, ինչի հետևանքով նրան կտուգանեն փչացած մեքենայի համար, ու նա կկորցնի մեկ միավոր։ Կարծում եմ` այդ ամենն արդարացի չէ», – նշում է Հակոբյանը։

Տեսականորեն ամեն ինչ անթերի է, օրենքը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Սակայն գործնականում կան բազում նրբություններ ու անկանխատեսելի իրավիճակներ, որոնց դեմ նոր կանոններն անզոր են։

Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ

Հակոբյանը վստահ է, որ բալային համակարգը կիրառելուց առաջ պետք էր արդիականացնել ընդհանուր ենթակառուցվածքը` սկսած ասֆալտի որակից մինչև ճանապարհային նշաններ ու գծանշումներ։ Բալային համակարգը կիրառելի է վարելու եվրոպական մշակույթ ու ճանապարհներ ունենալու դեպքում։ Հայաստանը դեռ հեռու է այդ ստանդարտներից, և դեռ վաղ է նման նորամուծություններ մտցնել։

Հակոբյանը կարծում է, որ օրինազանց վարորդներին պատժելու ամենաարդյունավետ նորարարությունը լուսանկարներն ու տեսանյութերն են, որոնք նկարում են անցորդները։ Մեքենաներից շատերն այսօր տեսագրող սարքեր ունեն, որոնք կարող են նկարահանել այս կամ այն խախտումը։

Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

Ճարպիկ վարորդները սողոսկելու ելք են փնտրում

Արդեն իսկ կարծիքներ կան, որ քաղաքացիները կարող են սկսել գումար վաստակել բալային համակարգի «օգնությամբ»։ Ինչպե՞ս։ Շատ հեշտ. մարդը վարորդական վկայական ունի ու բոլորի պես տարեկան 9 միավոր է ստանում։ Նա մոտենում է ճանապարհատրանսպորտային երթևեկության օրենքը խախտած հարևանին ու խնդրում խախտումն իր վրա վերցնել, բնականաբար, որոշակի գումարի դիմաց։ Իհարկե, սեփական միավորները գումարի դիմաց սպառելն այդքան էլ խելամիտ որոշում չէ, բայց հայկական մտածելակերպը երբեմն այնքան էլ կապ չունի չոր տրամաբանության հետ։

Մեկնաբանելով միավորները վաճառելու մասին լուրերը` Ղահրամանյանը նշեց, որ տեսականորեն նման վտանգ կա։ Սակայն, եթե բազայում կեղծ տվյալներ մուտքագրվեն, դա շատ հեշտ է պարզել, և այդ դեպքում պատասխանատվության ենթարկելու այլ միջոցներ կան։ Բացի այդ, մյուս երկրների փորձը ցույց է տալիս` բալեր «վաճառելու» պրակտիկան վարորդների շրջանում այդքան էլ տարածված չէ։

Մենք նաև փոքրիկ հարցախույզ ենք անցկացրել վարորդների շրջանում։ Ամփոփելով` կարելի է ասել, որ նորարարությունից ամենաշատը դժգոհ են տաքսու վարորդները։

«Համակարգը մշակման կարիք ունի։ Օրինակ` ես քշում եմ օրական մոտ 200 կմ, կանգնելու ոչ մի տեղ չկա։ Եթե այդպես հաշվարկես, իմ հացի միակ աղբյուրը սա է։ Տաքսու վարորդի համար 9 բալը քիչ է»,- ասաց վարորդներից մեկը։

Եվս մեկ տաքսիստ բողոքեց, որ բալային համակարգից վարորդներն ավելի շատ են լարվում։

«Բոլորը լարված են քշում։ Դրանից երթևեկությունը միայն տուժում է», – ասում է նա։

Չմոռանանք նաև կայանատեղերի պակասի մասին։ Սխալ տեղում կայանելու ու բալերից զրկվելու հեռանկարը չի կարող ուրախացնել վարորդներին։

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Ի դեպ, այստեղ չի կարելի չհամաձայնել վարորդների հետ։ Երևանում, հատկապես` Կենտրոնում, կայանատեղիի հարցը շատ լուրջ է։ Հարցի լուծում կարող էր լինել նորմալ գործող հասարակական տրանսպորտը։ Այդ դեպքում շատերը, այդ թվում` ես, կնախընտրեին տրանսպորտով քաղաքի կենտրոն հասնել։ Բայց այժմ, երբ հասարակական տրանսպորտը կաթվածահար վիճակում է, իսկ տաքսու վարորդները աստղաբաշխական գներ են «կրակում», իրավիճակից փրկվելու միակ ելքը սեփական մեքենան է։ Ցավոք, սխալ տեղում կայանելու համար վարորդը կարող  է զրկվել 0,5 միավորից։

Հայ վարորդները քննությո՞ւն կհանձնեն Ռուսաստանում. մեկնաբանում է Ռուսաստանի օմբուդսմանը

Սակայն հնարավոր է քաղաքում առանց խախտումների ու արտակարգ իրավիճակների երթևեկել։

Վիճաբանություններն այս թեմայի շուրջ շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև կհրապարակվի ՃՏՊ–ների ու ճանապարհներին գրանցված մահացությունների վիճակագրությունը։ Փաստերն անհերքելի են, ու եթե պարզվի, որ մարդիկ սկսել են ավելի քիչ մահանալ ավտովթարների հետևանքով, ապա կարող ենք ասել` բալային համակարգը արդյունավետ է գործել, հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ սա ևս մեկ անօգուտ օրենք է։