«Խելացի անասնատուն» անվանումն աբսուրդ է և զավեշտի է հասցնում գաղափարը. Հովհաննիսյան

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անասնապահության ոլորտին վերաբերող կարևոր խնդիրների ու իրականացվող ծրագրերի մասին:
Sputnik

ՀՀ կառավարության մշակած տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիությունն ապահովելու նպատակով տրամադրվող պետական աջակցությունը` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումն այնքան էլ հասանելի չէ գյուղացիներին, քանի որ անասնապահությամբ զբաղվող շատ գյուղացիներ ֆինանսապես չեն կարողանում  բավարարել բանկի պահանջներն ու օգտվել ծրագրից՝ ի տարբերություն խոշոր գործարարների: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։

Մարգարյան. «Միսը կթանկանա, քանի որ անասնապահությունը շատ վատ վիճակում է»

Խոսելով «Խելացի անասնատներ» ծրագրի մասին, Հովհաննիսյանը նշեց, որ այն «աբսուրդ է», իսկ անվանումը նույնիսկ զավեշտի է հասցնում գաղափարը:

«Նախ անհրաժեշտ էր սահմանել ժամանակակից ու մեքենայացված անասնատներին բնորոշ հստակ չափորոշիչներ, որոնք մեր պարագայում պետք է հարմարեցվեին կենդանիների պահման պայմաններին: Առաջարկվող տեխնիկական համակարգերը նույնպես թանկ արժեն, հետևաբար ոչ բոլորին են մատչելի», - ասաց մասնագետը: 

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև խոշոր եղջերավոր անասունների հաշվառման ծրագրին՝ նշելով, որ նման միջոցառումը պետք է կրի պարբերական բնույթ, հետևողականորեն պետք է գրանցվեն նաև մորթի ու անկման բոլոր դեպքերը:

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է, որ գործընթացն իրականացնեն մասնագետները, մասնագիտացված անասնաբուժական կենտրոնները, հակառակ դեպքում կկրկնվի 1990-ական թվականների ձախողումը:  

Նշենք, որ պետությունից սուբսիդավորվող վարկով 2019թ.-ին Հայաստան է ներմուծվել 300 կենդանի:

Հիշեցնենք` տավարաբուծության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։