ՌԱԴԻՈ

Իսրայելյան. «Չարժե Իրանում յուրաքանչյուր բողոքի ակցիա կապել իշխանափոխության պահանջի հետ»

Իրանագետ Արմեն Իսրայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական զարգացումներին և այդ երկրում պարբերաբար իրականացվող բողոքի զանգվածային գործողություններին:
Sputnik
Իսրայելյան. «Չարժե Իրանում յուրաքանչյուր բողոքի ակցիա կապել իշխանափոխության պահանջի հետ»

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի իշխանամետ քաղաքական ուժերն ու հակադիր կարծիքներ ունեցող միավորները դարձան ավելի միասնական՝ մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները: Նրանք ավելի շատ կենտրոնացան անվտանգության խնդիրների վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ 

«Ինչ վերաբերում է այս օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ապա նշեմ, որ դրանք ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ բանակի գլխավոր շտաբի հայտարարության հետ են կապված և ուղղակի զայրույթի հետևանք են: Երիտասարդներն ու հատկապես ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացրել փողոցներում և բուհերին հարող տարածքներում, բայց դատելով սոցցանցերում տեղադրված տեսանյութերից՝ դրանք մեծաքանակ չեն»,-նշում է իրանագետը: 

Ուշագրավն այն է, որ այս անգամ բողոքի ցույցերի մասին առաջինը հայտնել են հենց պաշտոնական լրատվամիջոցները, ինչը բնորոշ չէր բողոքի նախորդ զանգվածային ակցիաների լուսաբանման աշխատանքներին: 

Քաղավիացիան խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

Արմեն Իսրայելյանը դժվարանում է ասել, թե արդյո՞ք բողոքի զանգվածային ցույցերն Իրանում կունենան ձնագնդի էֆեկտ ու կհանգեցնեն իշխանափոխության, սակայն նշում է, որ տարբեր տարիներին տարբեր առիթներով տեղի են ունեցել ակցիաներ, և չարժե դրանցից յուրաքանչյուրը կապել իշխանափոխության պահանջի հետ, որովհետև շատ դեպքերում տեղի է ունենում մի նուրբ գործընթաց, ըստ որի՝ առաջ են քաշվում նախևառաջ սոցիալական բնույթի պահանջներ, սակայն ընթացքում հնչում են իշխանափոխության կոչեր և քննադատական գնահատականներ Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:  

Որոշ դեպքերում տեղեկատվությունն այնքան հակասական է, որ դժվար է տալ հստակ գնահատական, հետևաբար, իրանագետը վերապահումով է մոտենում առկա հրապարակումներին:

Ինքնաթիռը կործանելու խոստովանությունից հետո Ռոհանին հայտարարություն է արել

Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։

Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։

Փրկարարներն աշխատում են ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում. տեսանյութ