ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Այսօր Երևանում ձյուն կտեղա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։
«Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6 սմ»,–գրել է Սուրենյանը։
Նա հավելել է, որ հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, իսկ վաղը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13սմ։
Օգտատերերից ոմանք ուրախացել են, որ վերջապես ձյուն կտեղա, ոմանք` տխրել, ոմանք էլ գրառմանը հումորով են արձագանքել։
«Վերջապես մեղք է էս բնությունը։ Ծնունդիս նվեր եք անում», «Հիմա թող ձյուն գա, որ գարունը հարամ չանի», «Այնքան ձյուն չենք տեսել, որ գույնն ու տեսքը մոռացել ենք»,–գրել են նրանք։
Ինչպես կավարտվի 2020-ի առաջին աշխատանքային շաբաթը. եղանակի տեսություն
Ավելի վաղ` հունվարի 1-ին, Սուրենյանը կատակել էր, թե եղանակի «պուլտը» փչացել է: