Անչափահաս աղջկա սպանության հետքերով. ինչու է այս դեպքն ագրեսիա առաջացրել սոցցանցերում

Սոցցանցային տիրույթում օր օրի ավելացող ագրեսիան, ատելության մթնոլորտն արդեն լուրջ մտորելու տեղիք են տալիս։ Վերջին օրերին խեղդելով սպանված աղջնակի դեպքն անգամ դարձավ քննարկման առարկա։ Ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Sputnik Արմենիան զրուցել է հոգեբանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Եթե տարիներ առաջ հայկական մենթալիտետին բնորոշ սովորույթները, չգրված օրենքները ստիպում էին հասարակությանն ավելի զուսպ լինել և կարծիք հայտնել միայն նեղ շրջանակներում, ապա այսօր սոցցանցերում ամենաթողություն է տիրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը։

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում. խեղդամահ են արել 16–ամյա աղջկա. լուսանկարներ

«Նույնիսկ եթե նա սատկի, ոչինչ չի փոխվի...». խեղդելով սպանված անչափահաս աղջկա մայր

«Մարդիկ ուզում են ամեն ինչից տեղյակ լինել և բնավ էլ կապ չունի, թե ինչ խորությամբ են ուսումնասիրել թեման, ճի՞շտ են, թե՞ սխալ, օբյեկտի՞վ են, թե՞ ոչ, միևնույն է` իրենք պետք է կարծիք հայտնեն։ Հասարակության մի լայն զանգված սոցցանցերում մեկնաբանություններ գրելով, ինքնահաստատվում է»,– վստահեցնում է հոգեբանը։

Նա նշում է` գաղտնիք չէ, որ այժմ սոցցանցերում բոլորը խոսում են սպորտից, գիտությունից, քաղաքականությունից, խորհուրդներ են տալիս կենցաղային հարցերում։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում սեփական էջում քննարկումներ կազմակերպել, և վայն եկել ու տարել է նրան, ով համակարծիք չի լինի իրենց հետ։

«Համացանցում տիրող չափից դուրս ազատությունը բերում է նրան, որ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ ազատությունը սահմաններ ունի, և այն գալիս է դաստիարակությունից»,–ասաց Աղուզումցյանը։

Հոգեբանը շեշտեց, որ ազատությունն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, և յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատու լինի իր մտքերի համար։

Նա նշեց` որքան մարդը քիչ է դաստիարակված, որքան գիտակից չէ, այնքան իր չիմացությունն ու ճնշվածությունը համացանցում վերածվում են ագրեսիայի, որն արտահայտվում է բացասական մեկնաբանություններ, վիրավորանքեր և հայհոյանքներ գրելով։

«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան

Օրեր առաջ տեղի ունեցած 15–ամյա աղջնակի (նրա 16 տարին հաջորդ օրն էր լրանալու) սարսափազդու սպանությունն անգամ համացանցում քննարկման առարկա դարձավ։ Մեկնաբանություններում գրում էին` ի՞նչ գործ ուներ անչափահաս աղջիկը վարձով բնակարանում, կասկածի տակ էին դրել անգամ աղջկա բարոյականությունը։ Գտնվեցին այնպիսիք, որ իրենց պարտքը համարեցին աղջնակի սոցցանցային էջերի լուսանկարների տակ մեղադրանքներ հնչեցնել։

Թեմայի շահարկումը դատապարտել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինստագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք»,–գրել է Զոհրաբյանը:

Նա հայտարարել է, որ իր մի քանի ընկերների հետ որոշել են օրենսդրական լուծումներ գտնել և կանխել սոցցանցերում ատելության քարոզը։

«Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը...». Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել

«Պատրաստ ենք լսել ցանկացած գաղափար ու ադեկվատ առաջարկ: Սպանված աղջնակի հասցեին հայհոյանքի այս տարափը թող մեզանից յուրաքանչյուրի համար համբերության վերջին կաթիլը դառնա»,–եզրափակել է Զոհրաբյանը:

Նշենք, որ վիճակագրական տվյալներով` ագրեսիան ավելի հաճախ նկատվում է դեռահասների մոտ։ Սակայն սոցցանցերում քիչ չեն հասուն տարիքի մարդիկ, որոնք չեն կարողանում զսպել իրենց չարությունը։

Շահադիտական դրդում. Երևանում 16–ամյա աղջկա սպանության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

Հոգեբանները բացատրում են, որ եթե մարդը գոհ չէ իր կյանքից, ճակատագրից ու ձեռքբերումներից, նա ագրեսիվ է։ Ցավոք սրտի` ագրեսիան վարակիչ է, ինչպես ասում են` ագրեսիան ագրեսիա է ծնում։