Մերձավոր Արևելքի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու. Դավիթ Ջամալյան 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժի տեղակայման խնդրին և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական պլաններին ու նկրտումներին, որոնց հիմքում զինված ստորաբաժանումների տեղաշարժերն են հիշյալ տարածաշրջանում:
Sputnik

ԱՄՆ-ի շահերն ունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչներ, որոնք փոխլրացնում են իրար: Միացյալ Նահանգները ցանկացած խնդրի մոտենում է գերտերության կարգավիճակով, և Մերձավոր Արևելքն անտեսել ուղղակի չի կարող, որովհետև նշված տարածաշրջանը մոլորակի առանցքային հատվածն է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Զարգացումներ տարածաշրջանում. Սոլեյմանիի սպանությունը համախմբում է Իրանի հասարակությանը

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

«Այստեղ կան մի քանի հարցեր. նախ՝ էներգակիրների խնդիրը, և հետո դրանք տարհանելու հարցը՝ ներառյալ ցամաքային ու ծովային ուղիները, որոնք պետք է լինեն վերահսկելի: Մերձավոր Արևելքի համար գերտերությունները պայքարել են դեռ հին ժամանակներից և գեոքաղաքական մեծ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու»,- նշեց փորձագետը:

Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ էներգակիրների պաշարներն ու ուղիները վերահսկելուց բացի` կա նաև Իրանի խնդիրը, որն ինքնաբավ պետություն է և տարածաշրջանի լուրջ խաղացողներից է, որի դերակատարությունն, ի հեճուկս ԱՄՆ-ի, օրըստօրե մեծանում է։ Հետևաբար` պատահական չէ, որ ամերիկյան ռազմաբազաները տեղակայված են Իրանին հարող պետությունների տարածքներում:

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Փորձագետը վկայակոչում է պատմությունը, որի համաձայն՝ որևէ գերտերություն իր նվաճած դիրքերը հենց այնպես, հեշտությամբ չի զիջում, ու որքան էլ Իրանի ղեկավարությունը հայտարարի, որ իրենց վերջնական նպատակն ամերիկյան զինուժի ամբողջական դուրսբերումն է մերձավորարևելյան տարածաշրջանից, միևնույն է, նման բան տեսանելի ապագայում դեռ չի լինի: