Մենք ուշադրություն չենք դարձնում ժամանակի կառավարման հարցին. Ռուբեն Աղուզումցյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է մարդկանց աշխատանքային միջավայրով, տոնական օրերի տևողությամբ պայմանավորված հոգեբանական նրբերանգների մասին:
Sputnik

Տոնական երկարատև օրերից հետո շատերն աշխատավայր են վերադառնում դժկամությամբ, ինչը կարելի է որակել որպես հոգեբանական սթրես: Պատահական չէ, որ շատերի մոտ առաջանում է որոշակի տարընտելացում, և միանգամից ադապտացվելն, աշխատանքային աշխույժ ու ծանրաբեռնված գրաֆիկին հարմարվելը երբեմն դժվար է լինում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։ 

Անչափահաս աղջկա սպանության հետքերով. ինչու է այս դեպքն ագրեսիա առաջացրել սոցցանցերում

«Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդուց է կախված, թե նա որքան գործեր ունի կամ ինչքան է ձգտում գնալ աշխատանքի: Այստեղ կա մի գլոբալ խնդիր: Մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում ժամանակի կառավարման հարցին, որովհետև դա մեզ ժամանակին չեն սովորեցրել: Ժամանակի կառավարումը միայն պարտականությունների կատարումը չէ, այլ նաև պլանավորումն է, որոշումներ ընդունելը, ճիշտ հաշվարկներ անելը: Այս ամենի բացակայությունը բերում է նրան, որ մեր սպասումներն ու իրականությունը իրար չեն համընկնում»,- նշում է պրոֆեսորը: 

Ինչպիսին պետք է լինի մեր օրերի կառավարիչը. պատմում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը

Աղուզումցյանի դիտարկմամբ՝ Ամանորը նախևառաջ ընտանեկան տոն է, պետք է մարդիկ վայելեն հանգիստը, մինչդեռ հենց այդ օրերին սաստիկ հոգնում են: Ըստ նրա՝ հյուրասիրությունները հիպերբոլիզացված են. կան ընտանիքներ, որոնք նույնիսկ վարկ են վերցնում, որպեսզի Նոր տարի ակցկացնեն:

Պրոֆեսորը շեշտում է այն հանգամանքը, որ ոչ ճիշտ մոտեցումներն ու հայացքները համարժեքորեն չեն համընկնում սպասումների ու ակնկալիքների հետ, իսկ հետո այդ վիճակում մարդիկ ստիպված են վերադառնալ ինտենսիվ աշխատանքի և միշտ չէ, որ պատրաստ են դրան:

Խոզի «բուդ» և Ամանոր. քաղաքացիները կհետևե՞ն Փաշինյանի ու Հակոբյանի կոչերին. հարցում