ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Կարգավորող մարմինը «Ա1+»-ի հարցում կատարել է ակնհայտ քաղաքական պատվեր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչական դատարանում «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցի քննությանը:
Sputnik
Մելիքյան. «Կարգավորող մարմինը «Ա1+»-ի հարցում կատարել է ակնհայտ քաղաքական պատվեր»

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ ՀՀ կառավարության`«Ա1+» հեռուստաընկերության հայցը, որով լրատվամիջոցի ղեկավարությունը ՀՀ օրվա կառավարությունից պահանջում է ընդունել իր նախորդների սխալներն ու վերականգնել «Ա1+»-ի` 17 տարի առաջ խախտված իրավունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա դիտարկմամբ՝ բոլոր ակտերը, որոնք հանգեցրել են նրան, որպեսզի «Ա1+»-ը չլինի հայաստանյան եթերում, պետք է ճանաչվեն առ ոչինչ, որովհետև դեռ այն ժամանակ իրենք ընդգծում էին, որ որոշումը քաղաքական էր, և կարգավորող մարմինն ընդամենը կատարում էր ակնհայտ քաղաքական պատվեր՝ զրկելով «Ա1+»-ին եթեր դուրս գալուց:

«Մենք այս առումով կարող ենք վերհիշել ոչ միայն 2002 թ.-ի որոշումը, այլև դրան հաջորդած 13 մրցույթներում գրանցված մերժումները, մինչդեռ «Ա1+»-ը կայացած հեռուստաընկերություն էր՝ կայուն լսարանով, բայց իշխանություններն այն ժամանակ ամեն ինչ անում էին, որպեսզի նշված մրցույթներում «Ա1+»-ը պարտված համարվեր: Ստեղծում էին անհասկանալի նոր ընկերություններ, որոնք որևէ փորձ ու լսարան դեռ չունեին, սակայն հենց նրանք էին հաղթող ճանաչվում, մինչդեռ «Ա1+»-ը միշտ ներկայացնում էր մրցունակ առաջարկներ»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանի գտահատմամբ՝ քանի որ քաղաքական որոշումների արդյունքում «Ա1+»-ը զրկվեց եթերից, ապա այժմ շատ հարմար ժամանակաշրջան է, որպեսզի դատական կարգով այդ ամենը բողոքարկվի և ճանաչվի առ ոչինչ:

«Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցը կքննվի ՀՀ վարչական դատարանում

Բողոքարկող կողմը սկզբում ցանկանում է ստանալ դատարանի որոշումը, և հետո պլանավորել հետագա քայլերը: Մելիքյանի փոխանցմամբ՝ եթե «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը չփոխվի, ապա մեկ տարի հետո կայանալու է կապուղիների նոր մրցույթ, որին կմասնակցի նաև «Ա1+»-ը և այդտեղ կօգտագործի իր հնարավորությունները, սակայն դրա համար անհրաժեշտ են համարժեք տեխնիկական, ֆինանսական և կադրային ռեսուրսներ:

«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը

«Եթե վերականգնվեն «Ա1+»-ի ոտնահարված իրավունքները, ապա առաջ կգա նաև տեխնիկական ու դրամական փոխհատուցման հարցը»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ պետությունը անհիմն եթերազրկել է «Ա1+»-ին՝ թույլ չտալով հեռարձակվել, հետևաբար, պետք է ներողություն խնդրի լրատվամիջոցից: