Ի պաշտպանություն 70-ականներին համասեռամոլության մեղադրանքով կալանավորված Սերգեյ Փարաջանովի` բարձր ձայնով աղաղակող կինը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է` Հայաստանում գենդերային հավասարության, ինչպես և քաղաքացիական համարձակության ու խիզախության հետ կապված խնդիրներ չեն եղել և չկան։
Համենայնդեպս, տվյալ դեպքում հայ տղամարդիկ նկատելիորեն զիջել են կանանց. փաստ, որը ստիպում է մտածել. «Եթե այսպես շարունակվի, ապա...»։
Եվս մեկ արդիական պահ. «Փարաջանովի չափազանց նուրբ բնավորությունն ու թուլակամությունը ինտիմ հարաբերություններում հասցրին պաթոլոգիայի, որն ավելի շուտ կարելի է հիվանդություն համարել, ինչը բուժման և օգնության կարիք ունի», – գրել է Սիլվա Կապուտիկյանը։
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք` պոետը ռեժիսորին չի խարազանում քրեական օրենսգրքով հետապնդվող սեռական ավանդույթներից շեղվելու համար, պարզապես փոխըմբռնման կոչ է անում։
«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»
Պատմությանը նախորդող ևս մեկ նկատառում։ Փարաջանովը, ինչպես ժամանակին Վիսոցկին, իսկ ավելի վաղ նաև շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, էլ չենք խոսում նկարիչ Մինասի մասին, մահից հետո հանկարծ հարյուրավոր մարդկանց ընկեր դարձավ, որոնց հեռակա կարգով էր ճանաչում, և եթե հավատանք ինքնակոչների խոսքերին, անգամ ապաշխարել էր նրանց մոտ։ Եվ այսպես, այս հոդվածի հեղինակը Փարաջանովի հետ անձամբ ծանոթ չի եղել, նրան Սերյոժա չի անվանել, իսկ այն ամենը, ինչը գրված է ստորև, վերապատմել է ռեժիսորին քաջ ծանոթ և ամուր ընկերություն անող մարդկանց պատմածներից։
Իսկ այժմ բուն պատմության մասին։ «Օրինակ` Փարաջանովը քայլում էր փողոցով, կանգ առնում ցուցափեղկի մոտ, ամեն ինչ նայում, մտնում խանութ և խորհուրդ էր տալիս փոխել իրերի դասավորվածությունը։ Հյուր գնալիս սեղան էր նստում, սպասքի տեղը փոխում և ուտեստներին կանաչի ու համեմունքներ ավելացնում»,- կարդում ենք կինեմատոգրաֆիստ և գրող Վասիլի Քաթանյանի հուշագրություններում։
Փարաջանովի երևակայության թռիչքի մասին։ Քաթանյանը գրում է, որ հերիք է` նա գնար հացի խանութ, վերադառնում էր տարաբնույթ պատմություններով. «Հարևան կինը «գոգլի» էր սարքում և հիվանդ Ռեզիկին համոզում, որ ուտի։ Ես նրա վրա բղավեցի, վերցրեց բաժակն ու սկսեց «գոգլին» հակառակ ուղղությամբ խառնել։ Սկզբում հայտնվեց դեղնուցը, այնուհետև ձուն, հետո էլ ճուտը և վերջապես հավը։ Կինը ցնցվեց»։
Նրան մե՛կ բանտ էին նստեցնում, մե՛կ պարզապես թույլ չէին տալիս աշխատել։ Քրեական օրենսգրքում այնպիսի հոդված չկար, որ Փարաջանովին չվերագրեին, և ոչ մի մահացու մեղք չկար, որում նրան չմեղադրեին` գողություն, սպեկուլյացիա, բռնաբարություն, մանկապղծություն և տարեց կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ...
Մեծ հայ դերասան Սոս Սարգսյանի 10 արտահայտությունները
Հատված հեղինակի նոթատետրից։ «1973 թվական։ Էկրան է բարձրանում «Հայֆիլմում» նկարահանված «Նռան գույնը» ֆիլմը։ Սկզբում այն կոչվում էր «Սայաթ-Նովա», և վերնագիրն ամենևին էլ միակ շտկումը չէ, որն արվել է։ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի ղեկավարը Գևորգ Հայրյանն էր, որը ժամանակին Հայաստանում «Պրավդայի» թղթակիցն էր, հետո Կենտկոմի քարոզչության բաժնի վարիչը, այնուհետև կինոյում էր աշխատում, և նա միշտ առանձնանում էր իր սուր արտահայտություններով»։
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա էր «Նռան գույնի» ցուցադրությանը, որին հետևեց քննարկումը։ Որոշակի կոնկրետ բան ասել դժվար էր, քանի որ այս ֆիլմն «Առաջին սիրո երգը» չէր, որի գլխավոր դերում խաղում էր Խորեն Աբրահամյանը։
«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը
– Մաստիկան շատ է... – լակոնիկ արտահայտվեց կառավարության նախագահ Բադալ Մուրադյանը, որի աշխատանքային կենսագրությունում նշված էր նաև հատակ մաքրողի աշխատանքը։
– Բադալ Հմայակովիչն ուզում էր ասել «միստիկան», – պարզաբանեց Հայրյանը։
... Ֆիլմն այսպես թե այնպես էկրան բարձրացավ, իսկ Փարաջանովին «անբարոյական պահվածքի համար» 5 տարով գաղութ նստեցրին։
Եվ այդ ժամանակ Կապուտիկյանը գրեց ՊԱԿ–ի ամենակարող ղեկավար Անդրոպովին (պատճենը` ԽՍՀՄ Գերագույն դատարան), որից մի հատված ներկայացնում ենք ստորև։
«Ես, ինչպես և այն մարդիկ, որոնք կստորագրեն այս նամակի տակ, խնդրում ենք Ձեզ ներողամտություն ցուցաբերել Սերգեյ Փարաջանովի նկատմամբ, կրճատել նրա կալանավորման ժամկետը և նրան հնարավորություն տալ վերադառնալու իր գործին»,- նշել էր Կապուտիկյանն իր նամակում։
Այստեղ ընդհատենք մեր պատմությունը, արդարությունը վերականգնելու համար նշենք` «այն մարդիկ, որոնք կստորագրեին այս նամակի տակ...» արտահայտությունը կարող էր գրել յուրաքանչյուրը և ուղարկել նամակը, բայց ոչ ոք դա չարեց։ Ինչ կարելի է այստեղ ասել։ Գերմանացի պաստոր Մարտին Նիմելերը մի առիթով ասել է. «Երբ նրանք եկան կոմունիստների հետևից, ինձ համար մեկ էր, ես կոմունիստ չեմ։ Երբ նրանք եկան էսեռների հետևից, ինձ համար մեկ էր, ես էսեռ չեմ։ Երբ նրանք եկան արհմիությունների հետևից, ես դեմ չէի, չէ՞ որ արհմիության գործիչ չեմ։ Երբ նրանք եկան հրեաների հետևից, ես լռում էի, չէ՞ որ ես հրեա չեմ։ Իսկ երբ նրանք եկան իմ հետևից, դեմ դուրս եկող այլևս չկար»։
Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը
«Փարաջանովի նման մարդու համար, – հետագայում գրեց Կապուտիկյանը, – հնգամյա բանտային կյանքը ֆիզիկական և հոգևոր մահ կնշանակի, և նույնիսկ եթե 5 տարի հետո նա դուրս գա, արվեստի համար արդեն կորած մարդ կլինի»։
Դուրս եկավ, չկորավ, կանգուն մնաց։ Հայաստան հասնելով` անմիջապես գնաց Կապուտիկյանի տուն։ Ի նշան երախտագիտության` նրան ընծայեց սեփական ձեռքերով ստեղծված գոբելենը` հայկական ոճով և ազգային նախշերով։ Այն այսօր էլ պահվում է Կապուտիկյանի տուն-թանգարանում։
Մտնե՛նք, տեսնե՛նք, հիշե՛նք հոգով ուժեղներին։