Զարգացումներ տարածաշրջանում. Սոլեյմանիի սպանությունը համախմբում է Իրանի հասարակությանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը և թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի «Օրացույց՝ Արման Վանեսքեհյանի հետ» հաղորդման շրջանակում անդրադարձել են իրանա-ամերիկյան հակամարտությամբ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանի վերջին զարգացումներին:
Sputnik

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ միանգամայն սպասելի էր Անկարայի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան արգելում է ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող Ինջիրլիք ավիաբազան օգտագործել Իրանին հրթիռակոծելու համար, որովհետև Անկարայի քաղաքականությունը վերջին շրջանում Մերձավոր Արևելքում նպատակ ունի կտրուկ ուժեղացնել Թուրքիայի դիրքերը՝ այդ երկիրը դարձնելով որոշումներ ընդունող տարածաշրջանային ուժի կենտրոն:

Ի՞նչ են խոստանում Հայաստանին Իրանի դեմ պատժամիջոցները. չկա չարիք` առանց բարիքի

«Այս առումով Թուրքիան ցուցաբերում է իր անկախությունն ամերիկյան քաղաքականությունից, ինչի դրսևորումներին մենք բազմիցս ականատես եղանք վերջին շրջանում, հետևաբար Անկարայի հայտարարությունը պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական ռազմավարության ծիրում»,- նշում է Ռուբեն Սաֆրաստյանը: 

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր հերթին նշում է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանում գրանցվել է հասարակության աննախադեպ համախմբում, քանի որ իրանական հասարակության տարբեր շերտերում Սոլեյմանին ընդունված և սիրված անձ էր:

«Եթե նայենք Իրանի վերջին 40 տարվա պատմությունը, ապա չեմ կարծում, որ այդ երկիրն ունեցել է նման հզոր զորահրամանատար: Նրա կերպարը ոչ միայն որպես Իրանի շահերի կամ դիրքերի ամրապնդման կարևորագույն գործոն էր մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև ներհասրակական, ներքաղաքական տիրույթում լրջորեն նպաստում էր իրանական հասարակության համախմբմանը»,- նշում է Վարդան Ոսկանյանը: 

Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան

Երկու բանախոսների կարծիքով՝ Ղասեմ Սոլեյմանին իրանական ազգայնականության ու համախմբման, ի վերջո իրանական հաղթանակների խորհրդանիշն էր:

Մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի. Սաֆրաստյան

 

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, ինչի արդյունքում գեներալ Ղասեմ Սոլեյմանին զոհվել էր։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։