Պաշտոնանկությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Հերթական պաշտոնյան ազատվել է աշխատանքից։ Նրա պաշտոնավարման մեկ տարին պետք է լրանալ մարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին ազատել է պաշտոնից։ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է. ո՞վ կլինի ԿԲ–ի նոր նախագահը. «Իրատես»

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,– նշված է որոշման տեքստում:

Մելքոնյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ի մարտի 29-ին։

Նշենք, որ սա այս տարվա արդեն երկրորդ պաշտոնանկությունն է գործադիր իշխանությունում։

Հունվարի 9-ին վարչապետն աշխատանքից ազատել էր նաև իր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։

Հիշեցնենք` 2020թ–ին սպասվող կադրային ջարդի մասին վարչապետն ակնարկել էր կառավարության` 2019թ.–ի դեկտեմբերի 12-ի նիստում։ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ու խոստացել, որ ջարդելու է այդ դիմադրությունը։

Վարչապետն ասել էր, որ Հայաստանում գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն ու կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում են ի հեճուկս պետական իրավապահ համակարգերի։

Հաջորդ օրը ՀՀ վարչապետի` այժմ արդեն նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հայտարարել էր, որ կադրային ջարդի նախանշաններ դրանում չի տեսնում։