Ինչպիսին կլինի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի` Ռուսաստանում կառուցվող հուշարձանը

Հուշարձանը կկանգնեցվի հանրակրթական դպրոցներից մեկի տարածքում, որը նախատեսվում է անվանակոչել լեգենդար հետախույզի անունով։
Sputnik

Լև Ռիժկով, Sputnik

Հուշարձանի հեղինակներից մեկը «Ազգային պատկերասրահի» նախագահ Ալեքսանդր Օսիպովը Sputnik Արմենիային պատմել է, որ հուշարձանի կառուցման ընթացքում օգտագործվել են բավականին շատ լուսանկարներ և տեսանյութեր։

Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը կտեղադրվի Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա

«Բայց կարևորը Գևորգ Անդրեևիչից ստացած կենդանի զգացողություններն են։ Ինձ բախտ է վիճակվել անձամբ նրան ճանաչել, հանդիպել տարբեր միջոցառումների ժամանակ։ Նրա էներգետիկան, նրա աշխարհընկալումը, նրա շարժուձևը, այդ ամենն անձամբ եմ տեսել։ Ինձ թվում է, որ մեզ հաջողվել է փոխանցել այդ տպավորությունները»,- ասում է նա։

Լեգենդար հետախույզը պատկերված կլինի իրեն բնորոշ դիրքում` մեջքի վրա խաչած ձեռքերով։

«Գևորգ Անդրեևիչն օժտված էր շատ հարուստ ներաշխարհով, – պատմում է նախագծի համակարգող Օսիպովը։ – Իր մեջ պարփակվելիս  նա մշտապես ձեռքերը տանում էր մեջքի հետևը և մի փոքր կորացնում մեջքը։ Սակայն նա կարող էր հաշված վայրկյանների ընթացքում կենդանի, էներգիայով լի, շատ հետաքրքիր մարդ դառնալ` շարժուն և գրավիչ դիմախաղով։ Նման պահերին այդ զարմանալի մարդը ցուցադրում էր իր ինտելեկտի ողջ հզորությունն ու ուժը։ Մենք ձգտում էինք փոխանցել այն զգացողությունը, որ նա ապրում էր իր ներաշխարհում, իր մտքերի մեջ»,- նշում է նա։

Գևորգ Անդրեևիչի հուշարձանը սկսել էին կառուցել դեռ Գոհար Լևոնովնայի օրոք, որը ամենագործուն մասնակցությունն ուներ այդ հարցում և օգնում էր ստեղծագործական խմբին։

«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

«Նա հավանություն էր տվել էսքիզներին, կոմպոզիցիային, և կարելի է ասել` օրհնել է մեզ մեծն հետախույզի արձանը կերտելու համար, – պատմում է նախագծի հեղինակը։ – Մեզ օգնում էին Գոհար Լևոնովնայի և Գևորգ Անդրեևիչի հարազատները։ Նրանք բառացիորեն մեզ հետ ապրում էին ապագա մոնումենտի ստեղծմամբ և մեզ հետ միասին կյանքի կոչում այդ գաղափարը»։

Քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչյովի մտահղացմամբ` արձանը 2 մետր 20 սանտիմետր բարձրություն կունենա։ Հավանաբար, այն կկանգնեցվի Նոր Մոսկվայի (Մոսկվայի մարզի տարածքներ, որոնք փոխանցվել են ՌԴ մայրաքաղաքին – խմբ.) դպրոցներից մեկի դիմաց, միևնույն ժամանակ այդ ուսումնական հաստատությանը կշնորհվի լեգենդար հետախույզի անունը։

Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Նախագծի համակարգող Օսիպովը հույս ունի, որ ապագայում կհաջողվի կանգնեցնել նաև Գոհար Վարդանյանի հուշարձանը։ Հետախույզներ Վարդանյան ամուսինների կերպարն արդեն իսկ արտացոլվել է «Հետախուզության պատմության ոսկե էջեր» նախագծի շրջանակում։  Կտավը ստեղծվել է ոսկու վրա հատուկ գրաֆիկայի օգնությամբ։