«Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցը կքննվի ՀՀ վարչական դատարանում

17 տարի առաջ եթերից զրկված հեռուստաընկերությունը ՀՀ նոր իշխանությունից պահանջում է ներողություն խնդրել նախորդների գործած սխալների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, որով  լրատվամիջոցի ղեկավարությունը ՀՀ օրվա կառավարությունից պահանջում է ընդունել իր նախորդների սխալներն ու վերականգնել «Ա1+»-ի` 17 տարի առաջ խախտված իրավունքները։ Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը։

«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը

«Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 13-ին` ժամը 15։00։ Մենք վիճարկում ենք 7 իրավական ակտ, որոնք կայացվել են տարիներ առաջ` 2003թ–ին։ Մենք ճանաչման հայց ենք ներկայացրել` առ ոչինչ ճանաչելու այդ 7 վարչական ակտերը։ Ոչ թե պահանջում ենք անվավեր ճանաչել, այլ առ ոչինչ»,– ասաց Ղազարյանը։

Փաստաբանը պարզաբանեց, որ վիճարկվող 7 իրավական ակտերը վերաբերում են 2003թ–ին ու դրանից հետո անցկացրած հեռուստակապուղիների 7 մրցույթներում «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու մասին ՀՌԱՀ–ի որոշումներին։

«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը

«Դրա նպատակը հեռարձակման ոլորտը բարելավելը չէր, այլ թույլ չտալ «Ա1+»–ին եթեր վերադառնալ, որովհետև «Ա1+»-ն անկախ հեռուստաընկերություն էր։ Նշանակում է` ընթացակարգերն ու օրենսդրական հիմքերը ոչ թե իրենց նպատակին էին ծառայում, այլ թաքնված, քողարկված քաղաքական օրակարգին։ Նշանակում է` սա արդարադատության առերևույթ ոտնահարում է։ Չի կարող իրավական ակտը մնալ ուժի մեջ, եթե արդարադատության ոտնահարմամբ է կայացվել»,– նշեց Ղազարյանը։

Հարցին, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե դատարանը բավարարի հեռուստաընկերության հայցը, Ղազարյանը պատասխանեց` չի բացառվում, որ «Ա1+»-ը փոխհատուցման պահանջ կներկայացնի, բայց ոչ անպայման դրամական։

«Ներողություն խնդրելը նույնպես արդարացի փոխատուցում է։ Ի վերջո պետությունն այդպես էլ ներողություն չի խնդրել «Ա 1+-ից» անկախ նրանից` իշխանափոխություն եղել է, թե ոչ։ «Ա1+»-ի վերադարձը ևս արդարացի փոխհատուցում է»,– ընդգծեց Ղազարյանը։

«Ա1+»–ը կարող է եթեր վերադառնալ

Ասուլիսին ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ փաստեց, որ թեև բողոքարկվող որոշումները 7-ն են, բայց իրականում դրանք անցած 17 տարիների ընթացքում 13-ն են եղել, ընդ որում` ոչ միայն հեռուստատեսային կապուղիների, այլև ռադիոհաճախականությունների համար։

«Հաղթող էին ճանաչվում ընկերություններ, որոնք որևէ կերպ հայտնի չէին ո՛չ լսարանին, ո՛չ լրագրողական հանրությանը, այսինքն` նոր ստեղծվող ընկերությունները։ Եվ հաճախ դրանք ստեղծվում էին հենց այն նպատակով, որ պետք է հակադրվեին «Ա1+»-ին։ Այս դեպքում, երբ որ կայացած հեռուստաընկերությանը լիցենզիա չեն տրամադրում, այստեղ իսկապես քաղաքական դրդապատճառներ կան»,– ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք` «Ա1+»-ն իր հեռուստակապուղուց զրկվել էր 2003թ.–ին` ՀՌԱՀ որոշման հիման վրա։ Դրանից հետո «Ա1+-ը» պարտվել է նաև ՀՌԱՀ հայտարարած այն մրցույթներում, որոնցում հաղթող էին ճանաչվել «Արմենիա», «Արմենակոբ», «Շարմ»,  «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Շանթ» հեռուստաընկերությունները։

Մովսեսյան. «Հեռուստատեսության հաճախականությունների մրցույթին կմասնակցենք նոր ծրագրերով»

Ներպետական ատյաններում այս որոշումները բողոքարկելուց ու մերժվելուց հետո, 2008 թ–ին «Ա1+-ի» սեփականատեր «Մելտեքս» ընկերությունը դիմել էր ՄԻԵԴ։

Եվրոպական դատարանն իր վճռով արձանագրեց «Ա1+»-ի իրավունքների խախտման փաստն ու ՀՀ–ին պարտավորեցրեց «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում։