ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։
«Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի». Վլադիմիր Կարապետյան
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,–գրել է Կարապետյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան հրամանն արդեն տեղադրված է նրա պաշտոնական կայքում։ Նշված է, որ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու համար հիմք է ընդունվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը։
Հիշեցնենք` Վլադիմիր Կարապետյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018թ.–ի փետրվարից։