ՀՅԴ-ն դատի է տվել Արման Բաբաջանյանին

Դեռ նախորդ տարեվերջին Արման Բաբաջանյանն ԱԺ–ում ելույթ ունենալով ասել էր, որ ՀՅԴ–ն ահաբեկչական անցյալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

Մասնավորապես, 11 ՀՅԴ–ականներ` Իշխան Սաղաթելյանը, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Տարոն Տոնոյանը, Լիլիթ Գալստյանը, Հակոբ Մաթիլյանը, Միքայել Մանուկյանը, Սիմոն Սիմոնյանը, Աշոտ Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը պահանջում են, որ Բաբաջանյանը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցի զրպարտության համար։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:

Հայցի հետ կապված Բաբաջանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ՀՅԴ–ն դատական հայց է ներկայացրել իր դեմ՝ կապված անցյալ տարեվերջին Ազգային Ժողովում ունեցած իր ելույթի հետ։ «Իմ ելույթում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»,–գրել է նա։

«Արման Բաբաջանյանը գործիք է քաղաքական հարցեր լուծելու համար». Վազգեն Մանուկյան

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը նման ելույթով հանդես էր եկել 2019–ի դեկտեմբերի 6–ին։