ԵՐԵՎԱՆ, 9 Հունվար — Sputnik. Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուներն այսօր տարհանվել են շենքի ցնցումների պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետի հետևանքների վերացման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը։
«Շենքի երկրորդ հարկում ժամը 18.40-ից մոտ կես ժամ տատանումներ են եղել։ Այդ ժամանակահատվածում ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում երկրաշարժեր չեն գրանցվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ որոշվել է տարհանել աշխատակիցներին և այցելուներին», - ասել է Գիդաչյանը։
Նրա խոսքով ՝ այժմ սեյսմոլոգները շենքում տեղադրում են չափիչ սարքեր։ Ամենայն հավանականությամբ ցնցումների պատճառ է դարձել մոտակայքում աշխատող ծանր շինարարական տեխնիկայի աշխատանքը: «Բայց մենք պետք է համոզվենք, որ գրունտի շարժի կամ իջեցման վտանգ չկա», - նշել է ԱԻՆ ներկայացուցիչը ՝ հավելելով, որ աշխատանքները կտևեն մի քանի ժամ:
Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն
Գիդաչյանն ընդգծել է, որ ցնցման պատճառով շենքում ճեղքեր չեն առաջացել: Տեղում հերթապահում են շտապօգնության բրիգադները։
«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնից էլ տեղեկացնում են, որ ելնելով աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատելու։
«Այսօր «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Դալմա գարդեն մոլում» այսօր արտակարգ իրավիճակ է հայտարարվել. առևտրի կենտրոնում գտնվող քաղաքացիներին տարհանել են։ Sputnik Արմենիային ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնել էր, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու։ ԱԻՆ աշխատակիցներն այցելել էին առևտրի կենտրոն ու մարդկանց զգուշացրել, որ երկրաշարժի լուրերը չեն համապատասխանում իրականությանը։